Մարգար Օհանյանի կալանքի տակ մնալ-չմնալու հարցը հայտնի կդառնա մի քանի ժամից
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Մարգար Օհանյանի գործով դատական նիստի ընթացքում Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Նա ասաց, որ Օհանյանն արդեն վեց ամիս է` գտնվում է կալանքի տակ:
«Մարգար Օհանյանի կողմից չի կարող լինել խոչընդոտելու որևէ հանգամանք` հարցաքննվել են վկաներն ու ամբաստանյալները», -միջնորդությունը ներկայացանելիս նշեց փաստաբանը` հորդորելով դատարանին հաշվի առնել այն, որ Մարգար Օհանյանը «անբասիր ծառայել է Հայաստանի Հանրապետությանը»:
Իր խոսքում նույնը պնդեց նաև ամբաստանյալ նախկին պաշտոնյան: Օհանյանը նաև վկայակոչեց նախորդ տարվա վերջին Հայաստանի նախագահի մոտ տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ նախագահի խոսքերը: «Նախագահն ասաց չէ, եղեք արդար և անարդար որոշումներ մի կայացրեք, հարգելի դատարան և հարգելի դատախազ ձեզ նույնպես խնդրում եմ իմ նկատմամբ կազմված քրեական գործի շրջանակներում կատարել արդարացի որոշում», - հայտարարեց Մարգար Օհանյանը:
Մյուս ամբաստանյալները և Ստեփան Կարախանյանի պաշտպանը չառարկեցին ներկայացված միջնորդությանը: Առարկեց միայն մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը: «Մեղադրող կողմը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը անհիմն է, քանի որ Մարգար Օհանյանը մեղադրվում է այն բանի համար, որ երկու տարվա ընթացքում չարաշահել է պաշտոնական դիրքը ու յուրացրել պետական գույքը», -հայտարարեց դատախազը` նկատելով, որ Օհանյանին մեղսագրվող արարքը լուրջ է:
Կողմերին լսելուց հետո դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ միջնորդությունը կքննվի խորհրդակցական սենյակում և այդ մասին որոշումը կհրապարակվի ժամը 14:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում