Դ. Բաբայան. Արցախի նախագահի հայտարարությունները խեղաթյուրել են
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ ԼՂ հարցի կարգավորման կապակցությամբ Հունաստանում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:
«Վերջերս մի շարք լրատվամիջոցներ, այսպես կոչված վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ փորձում են շահարկումների ենթարկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակայանի կողմից հնչեցրած մի շարք հայտարարություններ, որոնցում, մասնավորապես, նշվում է, թե իբր ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ մինչև ԼՂ հարցի վերջնական կարգավորումը և Արցախի կարգավիճակի որոշումը, արցախյան կողմը պատրաստ է միակողմանի զիջումների գնալ»:
Նրա խոսքով, դրանք ստահոդ տեղեկություններ են և առհասարակ չեն համապատասխանում իրականությանը:
«Նախևառաջ նախագահն ասել է այն, ինչ մշտապես հայտարարվել է: Նա ասել է, որ Արցախը կողմնակից է խնդրի լուծման խաղաղ և փոխզիջումային տարբերակին: Հակամարտությունը, եթե նորմալ պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ուրեմն` պետք է լինի փոխզիջում: Բայց դա չի նշանակում, որ Արցախը միակողմանի տարածքը կամ կարգավիճակը է զիջելու: Նախագահ Սահակյանը կրկնել է բազմիցս հնչեցրած այն միտքը, որ 1988 թվականին վերադարձ չի կարող լինել՝ ո՛չ սահմանների, ո՛չ էլ կարգավիճակի հարցում: Երկրորդը, հարկ եմ համարում հիշեցնել, որ հենց նախագահ Սահակյանն է շրջանառությունից հանել այսպես կոչված «ազատագրված տարածքներ», «բուֆերային տարածքներ» տերմիները, որը մինչ այդ լայնորեն օգտագործվում էր հայկական ինչպես լրագրողական, այնպես էլ վերլուծական շրջանակներում: Մեզ համար չկան բուֆերային կամ ազատագրված տարածքներ: Սա բոլորի համար պարզ է»:
Դավիթ Բաբայանի կարծիքով, նման տեղեկությունների տարածումը կապված է այն հանգամանքի հետ, որ առջևում ընտրական պրոցեսներ են և՛ Արցախում, և՛ Հայաստանում. «Որոշ ուժեր, չհասկանալով կամ միտումնավոր, կարծում եմ` այստեղ կա նաև քաղաքական հաշվարկներ, փորձում են ապակայունացնել իրավիճակը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակությունն ընտրական փուլում բավականին ակտիվ է լինում, փորձում են նրան, ինչ-որ ձևով շեղել, սև փիառ անել գործող ղեկավարի նկատմամբ, դրանով իսկ փորձելով ներքաղաքական դաշտում ինչ որ դիվիդենտներ շահել:
Բացի նրանից, որ Արցախի Հանրապետության դեմ սև PR է իրականացվում, այդ ուժերը փորձում են աժիոտաժ ստեղծել նաև Հայաստանում: Անթույլատրելի է, որ կան գործիչներ ու ուժեր, ովքեր փորձում են նման իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահել: Բակո Սահակյանը լուրջ քաղաքական գործիչ է և պոպուլիստական հայտարարություններով երբեք աչքի չի ընկել: Արցախի իշխանությունները երբեք չեն գնա մի այնպիսի քայլի, ինչը թեկուզև չնչին իսկ թուլացնի Արցախի անկախությունը, պետականությունը, անվտանգությունն ու ներազգային շահերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում