Գուրգեն Մուշեղյան. Ես հարգում եմ այգու նախագիծը` որպես գլխավոր պողոտա
Ոստիկանների կողմից սահմանված 20 րոպեն ավարտվեց, ոստիկանները չցրեցին տաղավարում հավաքված բնապահպաններին ու այգու ճակատագրով մտահոգ քաղաքացիներին: Դրա փոխարեն ոստիկաններից մեկը մոտեցավ նրանց, կոչ արեց չփչացնել կիսակառույց տաղավարների գույքը, խորհուրդ տվեց նրանց անվտանգությունից ելնելով, ինչպես նաև շինարարական աշխատանքները չխոչընդոտելու համար տեղափոխվել մեկ այլ գոտի ու իրականացնել իրենց խաղաղ հավաքը:
Մասնակիցները ոստիկաններին ի պատասախան նշեցին, որ այստեղ կազմակերպիչներ չկան, հավաքն ինքնաբուխ է, իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը: Մինչ այդ Ավետիք Իշխանյանը հայտարարել էր, որ խաղաղ հավաքի դեպքում ոստիկանության միջամտությունը կդիտվի որպես հանցագործություն:
Այգում հավաքված ու շարք կանգնած ոստիկանները քիչ անց արդեն հեռացան այգուց:
Այգի էր եկել նաև այգու նախագծի հեղինակներից ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
«Կարծիքս արտահայտել եմ այն ծրագրի վրա, որի տակ ես ստորագրել եմ: Ես հարգում եմ այգու նախագիծը` որպես գլխավոր պողոտա»,-ասաց Մուշեղյանն ու ավելացրեց, որ չի փոխել իր համոզմունքն ու կարծիքը:
«Ոչ միայն նախագիծ ենք արել, այլև պահպանել ենք այն, ինչ որ եղել է: Երիտասարդ սերունդը չի հիշում, բայց 70-ականների, 80-ականների սերունդը շատ լավ է հիշում: Այստեղ եղել է բարեկարգված տարածք, աշխատել են շատրվանները, եղել են նստարաններ, եղել է հանրային տարածք, որը և գլխավոր հատակագծի` հետագայում արված Կենտրոնի կոդավորման նախագծում պահպանվել է: Այս գծագիրը չի համապատասխանում այն դրույթներին, որը պահպանվել է կոդավորման նախագծում»,-ասաց նա: