Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի աշակերտները նրա շիրիմին երդվեցին
Բուդապեշտում 2004 թվականին ադրբեջանցի զինվորական Ռամիլի Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ այսօր «Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպությունը` ԵՊՀ «Երիտասարդ համալսարականների միավորում» կազմակերպության հետ համատեղ կազմակերպեցին երթ դեպի Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու նահատակ զինվորականի հիշատակին:
Երթի մասնակիցները կոչ էին անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանի հերոսացման փորձերը: Panorama-ի լրագրողի հետ զրույցում նրանցից մեկը նշեց, որ հերոսացնելով Սաֆարովին` ադրբեջանական իշխանություններն ավելի են շեշտում իրենց հակահայկական մղումները:
Երթը ավարտվեց Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու մոտ:
Ինչպես իր խոսքում նշեց «Գուրգեն Մարգարյան» ՀԿ նախագահ Աշոտ Քոչոյանը, Բուդապեշտում հայ զինվորականի նկատմամբ գործածը և դրա հերոսացումը կրկին անգամ ցույց տվեց Ադրբեջանի ղեկավարության պատկերացումները հայերի նկատմամբ:
«Այս ոճրագործությունը և դրա չդատապարտելը սև գիծ է թողնում ադրբեջանական ազգի վրա», - ասաց նա: Իր հերթին «Գուրգեն Մարգարյան» ՀԿ հիմնադիր Վահագն Ասատրյանը նշեց, որ Բուդապեշտի ողբերգությունը չէր լինի, եթե ժամանակին պատժվեին Հայոց ցեղասպանության և Սումգայիթյան ջարդերի կազմակերպիչները:
«Գուրգեն Մարգարյան» ՀԿ համակարգող Գրիգոր Ջանիկյանը, ով նաև վարում էր հիշատակի հանրահավաքը, կարևորեց այն, որ Եռաբլուր են եկել նույնիսկ դպրոցականներ: «Մենք հերոսներին չենք մոռացել: Գուրգեն Մարգարյանը դեռ նորանոր ճանապարհներ և հաղթանակներ ունի», - ասաց նա:
Գ.Ջանիկյանը շեշտեց, որ որպես միջանձնային հողի վրա իրագործված` սպանությունը որակավորելու Ադրբեջանի բոլոր փորձերը մատնված են անհաջողության, քանի որ անձամբ Սաֆարովը դատավարության ժամանակ հայտարարել էր, որ այդ քայլի էր դիմել իշխանությունների հրահանգով: «Սա չի կարող լինել անձնական վրեժխնդրություն, քանի որ նրանք պարբերաբար նույն ձեռագրով հոշոտում են հայ զինվորներին` փորձելով խարխլել մեր շարքերը, միասնական ոգին, կորովը», - ասաց նա:
ԵՊՀ «Երիտասարդ համալսարականների միավորում» կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ հերոսացնելով մարդասպանին` Ադրբեջանի իշխանությունները ապացուցում են իրենց վարչակարգի ռազմատենչ, ապազգային և այլատյաց լինելը:
Հիշատակի հանրահավաքի ավարտին ելույթ ունեցան Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 դպրոցի աշակերտները: Նրանք երդվեցին լինել հայրենասեր, անցնուրաց և Հայաստանի օրինակելի քաղաքացիներ:
Հանրահավաքից հետո նրա մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Գուրգեն Մարգարյանի հիշատակին և ծաղիկներ դրեցին նրա շիրքմաքարին:
Նախորդիվ` Երթ Եռաբլուր. Գուրգեն Մարգարյանի կացնահարությունից 8 տարի է անցել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա