Էջմիածին. Մանկապարտեզը ջեռուցվում է, բայց երեխաների առջև դռները փակ են
Հայաստանի որոշ բնակավայրերում ձմեռային արձակուրդները ոմանց համար չափից դուրս երկարել են ու նույնիսկ դարձել պատուհաս: Մասնավորապես, ծնողները ստիպված են արձակուրդ գնալ կամ նույնիսկ դուրս գալ աշխատանքից, քանի որ ոչ բոլոր գործատուներն են ընձեռում արձակուրդային, որպեսզի նրանք էլ կարողանան խնամել իրենց մանկահասակ երեխաներին. մեղավորն այս պարագայում, պնդում են ծնողները, միմիայն քաղաքային իշխանությունն է:
Panorama.am-ին դիմած Էջմիածնի մի խումբ ծնողներ, ում երեխաները հաճախում են Էջմիածնի «Արևիկ» մանկապարտեզ, տեղեկացրեցին, որ ձմռան ամիսներին մանկապարտեզը չի գործում, փակ է ու գործելու է միայն մարտի 1-ից: Ծնողների տարակուսանքը նրանում է, որ հաստատությունն իրենց երեխաների առջև դռները փակել է ոչ թե այն պատճառով, որ չի ջեռուցվում, այլ լրիվ հակառակը` ջեռուցումը կա.
«Լավ էլ ջեռուցվում է, բայց անհասկանալի պատճառներով մենք ստիպված են մեր օրակարգը հարմարեցնել քաղաքապետարանի ցանկությանը ու նաև աշխատանքի չգնալ, քանի որ երեխաներին պահող չկա: Առաջ ասում էին` չի ջեռուցվում, պահեք ձեր երեխաներին, որ չհիվանդանան, հիմա էլ ասում են` ջեռուցվում ա, բայց մեկ ա պահեք»,- նշեց ծնողներից մեկը:
Խնդրի պարզաբանման համար դիմեցինք Էջմիածնի քաղաքապետարանի կրթության վարչություն, սակայն կես ժամվա ընթացքում երեք անգամ մեզ տարբեր պատասխան տրվեց. մեկ կրթության վարչության պետ տիկին Ավագյանը դուրս էր եկել խորհրդակցության և մեզ խնդրեցին հինգ րոպեից զանգահարել, մեկ տիկին Ավագյանը վերադարձել էր, բայց, կարծես թե, զբաղված էր ու դարձյալ խնդրեցին հինգ րոպեից զանգել, իսկ վերջին «հինգ րոպեից» հետո երբ զանգահարեցինք պարզվեց, որ տիկին Ավագյանը գնացել է թաղում և կլինի միայն վաղը (նշենք, որ զանգահարում էինք ժամը 15.30-ին, երբ հուղարկավորության արարողություն, սովորաբար, չի կատարվում). «Բացի նրանից ոչ ոք իրավասու չէ այդ հարցին պատասխանել»,- տեղեկացրեց վարչության աշխատակցուհին:
Մենք էլ դիմեցինք այն կառույցին, որն իրավասու է` Արմավիրի մարզպետարանին, ու թեև մարզի նախադպրոցական հաստատությունները ենթակա են համայնքին ու համայնքային բյուջեից են ֆինանսավորվում` տվյալ դեպքում Էջմիածնի քաղաքապետարանի, բայցև այնպես հարցի պատասխանը տրվեց անմիջապես:
«Արմավիր մարզի նախադպրոցական բոլոր հաստատությունները փակ են. նրանց մի մասը ունի ջեռուցման խնդիր, իսկ մյուսը ոչ և որպեսզի ապահովվի հավասարության սկզբունքը և այն հաստատություններում, որտեղ ջեռուցում կա, չլինեն կուտակումներ և ծնողները չփորձեն իրենց երեխաներին տեղավորել այդտեղ, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել բոլոր մանկապարտեզների գործունեությունը ձմռան ամիսներին դադարեցնել»,- Panorama.am-ին պարզաբանեցին Արմավիրի մարզպետարանից:
Վստահեցրեցին, որ բացի այս այլ պատճառ չկա և մարտի 1-ից բոլոր հաստատություններում կվերականգնվի բնականոն աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում