Արձանագրությունների հարցը ԱԺ օրակարգում թողնելով, մենք մեր հարգանքն ենք ցուցաբերում միջազգային հանրությանը. ԱԺ
Երևան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների հետ երեկվա հանդիպմանը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ողջունել է նաև ԱՄՆ դիրքորոշումն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է հայ-թուրքական հարաբերություններում: Նշենք, որ ամերիկացի օրենսդիրները Հայաստան են ժամանել Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի Կանոնների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ:
Նիկոյանի խոսքով, ՀՀ Նախագահը դիմել է վճռական քայլի` ընդառաջ գնալով հարաբերությունների կարգավորման գործընթացին: ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ դիրքորոշումը, որը պաշտպանվում է նաև միջազգային հանրության ու ԱՄՆ կողմից, հստակ է. առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում, որը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից:
Բայց Թուրքիան սկսեց նախապայմանների լեզվով խոսել, և պարզ դարձավ, որ այս գործընթացն առաջընթաց չի ունենա: Խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ արձանագրությունների վավերացման հարցը դեռևս գտնվում է Հայաստանի խորհրդարանի օրակարգում:
«Դրանով մենք մեր հարգանքն ենք ցուցաբերում միջազգային հանրությանը, որը ջանքեր գործադրեց, որպեսզի այդ հարցերը լուծվեն»,-նշել է Ս. Նիկոյանը: Ըստ նրա, մնում է հուսալ, որ Թուրքիան մի օր կգիտակցի, որ հարևանների հետ խաղաղ գոյակցելն ավելի լավ է, քան կոշտ դիրքորոշումները:
Անդրադառնալով խնդրին` ամերկացի կոնգրեսականը նշել է, որ տնտեսական ու առևտրական կապերի հաստատումը լավ ուղի կարող էր լինել բարիդրացիական հարաբերությունների ձևավորման ճանապարհին: Նա տեղեկացրել է, որ այս մասին անձամբ ասել է նաև Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությանը: