Մաշտոցի այգու շինարարության գործը հասավ դատարան
«Ժառանգության» խմբակցության պատգամավորներն ու Մաշտոցի պողոտայի մի քանի բնակիչներ քիչ առաջ 10 էջից կազմված հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իրենք պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետի որոշումները, որոնց հիման վրա տեղի է ունենում Մաշտոցի այգում իրականացվող կառուցապատումը:
«Միաժամանակ միջնորդել ենք հայցի ապահովման միջոց կիրառել` արգելել պատասխանողին, այսինքն Երևանի քաղաքապետարանին և երրորդ անձանց` զբոսայգու տարածքում` Մաշտոցի պողոտա 22/21, իրականացնել որևէ շինարարական աշխատանք»,-ասաց նա:
Փոստանջյանը համոզված է, որ շինարարությունը ընթանում է օրենքի աղաղակող խախտումներով, իսկ իրավական հիմքերի մի մասն էլ իրենց ընդհանրապես չի ներկայացվել: «Շատ ցավալի է, որ այս խախտումները տեսնելով, իրավապահ մարմիններն իրենք չկանխեցին այդ ապօրինի շինարարությունը»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր գիշերվա ընթացքում, երբ բնապահպան ակտիվիստները այգու տարածքում չեն եղել, կառուցվող տաղավարներում ապակիներ են ամրացվել: Այսօր առավոտյան այգի այցելողներին դիմավորել են շինհրապարակը հսկող ոստիկաններն ու դրանք շրջապատող երկաթե ցանկապատները:
Մամուլի միջոցներից մեկն այսօր հրապարակել էր, թե այգում ընթացքող շինարարության հետևում կանգնած են նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանի եղբայրը, առողջապահության նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը, ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանն ու տրանսպորտի և կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը: « «Անշուշտ, տարածքների վարձակալները փաստաթղթերում հիշատակված անձինք չեն, և եթե վաղը հերքման տեքստեր տարածեն, խորհուրդ կտանք չզարմանալ»,- գրել էր «Հրապարակ» թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա