Թուրքագետ. Բաղըշի հայտարարություններն ուղղակի վիրավորանք են Շվեյցարիային
Թուրքիայի ԵՄ հարցերի նախարար Էգեմեն Բաղըշի` «Ես չգիտեմ մի այնպիսի իշխանության, որը կարող է ձերբակալել թուրք նախարին։ Եթե պետք լինի, ես կվերադառնամ Դավոս և կկրկնեմ իմ խոսքերը» հայտարարությունը առնվազն վիրավորանք Շվեյցարիային:
Խնդիրն այստեղ այն չէ, որ նա ուղղակի ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլ այն, որ դրանով նա անհարգալից վերաբերմունք է դրսևորում հենց Շվեյցարիայի նկատմամբ: Ցեղասպանությունների ժխտումն այդ երկրում ստացել է օրենքի ուժ և դարձել ներքին օրենսդրության մաս:
Տվյալ պարագայում հարցը վերաբերում է այդ երկրի պետական-օրենսդրական համակարգը մեկ այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից անարգելուն ու ձեռք առնելուն: Գրեթե նույնն է, ինչ թուրք նախարարը` օգտվելով իր դիվանագիտական անձեռնմխելիությունից, Շվեյցարիայում կամ մեկ այլ եվրոպական երկրում ուղղակի իսլամական ահաբեկչության կամ ասենք` պետական հեղաշրջման կոչեր հնչեցնի` գրպանում ունենալով «անձեռնմխելիության» գործիքը կամ «վարչապետ Էրդողանին իր թիկունքում», ինչպես ինքն էր նշել:
Միջազգային հարաբերություններում դժվար թե գտնվի մի նախադեպ, երբ մի երկրի բարձրաստիճան պաշտոնյան ուղղակի նման ցինիկ դրսևորում ունենա մեկ այլ երկրի օրենսդրության նկատմամբ: Տվյալ խնդիրը դուրս է գալիս միայն հայկական թեմատիկայի կամ համամարդկային արժեքների տիրույթից (Ցեղասպանության ժխտումը) և տեղափոխվում միջպետական հարաբերությունների հարթություն:
Թուրք նախարար ուղղակի անհարգալից վերաբերմունք է դրսևորում Շվեյցարիայի օրենսդրության նկատմամբ` «ինչքան ցանկանամ, այնքան էլ կխախտեմ» սկզբունքով: Նման դեպքում, Շվեյցարիան պետք է վերոնշյալ նախարարին հայտարարի «persona non grata»` արգելի մուտք գործել տվյալ երկիր:
Մի խոսքով, իմ կարծիքով, եթե դիվանագիտական իմունիտետ ունեցող անձը չի հարգում գտնվող երկրի օրենքները, ապա նա պետք է զրկվի այդ երկիր մուտք գործելու իրավունքից:
1961 թ. «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվեցիայի 41-րդ հոդվածը սահմանում է, որ «առանց վնասելու իրենց արտոնություններին և իմունիտետներին, այդ արտոնություններից և իմունիտետներից օգտվող բոլոր անձինք պարտավոր են հարգել նստավայր պետության օրենքներն ու որոշումները: Նրանք նաև պարտավոր են չմիջամտել այդ պետության ներքին գործերին»:
Նման ցինիկ գործելաոճով է Թուրքիան ցանկանում անդամագրվել եվրոպական ընտանիքին կամ էլ հարաբերվել Եվրոպայի հետ` նույն Բաղըշի բերանով ռազմական վերջնագիր ներկայացնելով Եվրոպական ընտանիքի մաս կազմող Կիպրոսի հանրապետությանը: Սեպտեմբերին նա սպառնացել էր, որ եթե Կիպրոսն իրականացնի հորատման աշխատանքներ Միջերկրական ծովում, ապա Թուրքիան դրան ռազմական պատասխան կտա և հենց դրա համար էլ ստեղծել են հզոր բանակ:
Եվ միշտ նման ցինիզմով աչքի է ընկնում թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, որն ի պաշտոնե կոչված է ապահովել ու համակարգել Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումն ու Թուրքիայի` եվրաինտեգրման քաղաքականությունը: Ստացվում է պարադոքսալ, իռացիոնալ, բայց նաև բնական, քանի որ գործ ունենք Թուրքիայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները