Նիկոյանը դիմել է խմբակցություններին, որ մեկը մյուսի փոխարեն քվեարկության դեպքերը ԱԺ-ում չլինեն
Ազգային ժողովում այսօր նախագահ Սամվել Նիկոյանի ղեկավարությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այլ հարցերի հետ միասին քննարկվել է նաև Հատուկ քննչական ծառայության կողմից ԱԺ նախագահին ուղարկված գրությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանը դիմում էր ուղարկել ՀՔԾ Հանրապետական խմբակցության 4 պատգամավորներին պատասխանատվության կանչելու մասին, քանի որ ըստ նրա, պատգամավորները քվեարկության ժամանակ միմյանց փոխարեն քվեարկելով խախտել էին Հայաստանի օրենսդրությունը: Իսկ Հատուկ քննչական ծառայությունն էլ իր հերթին Թորոսյանի դիմումը ուղարկել էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի քննարկմանը:
ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ԱԺ-ում քննարկման ժամանակ արձանագրվել է, որ գրության մեջ հիշատակված հարցերը կանոնակարգված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45-րդ, 56-րդ և 61-րդ հոդվածներով: Մասնավորապես, 56-րդ հոդվածի 2-րդ կետի <գ> ենթակետով սահմանված է, որ պատգամավորը կարող է նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա և կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին:
Ըստ աղբյուրի, հիշատակված նիստում` քվեարկության ժամանակ, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշել է մեկ պատգամավորի անուն, ասելով, որ նա քվեարկել է ուրիշի փոխարեն, սակայն չի առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա: Նիստը վարողը, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, և այն, որ հիշատակված դեպքը էականորեն չի ազդում քվեարկության արդյունքների վրա, վերաքվեարկություն չի հայտարարել:
Ինչ վերաբերում է նիստի ընթացքում պատգամավորների կողմից թույլ տրված կանոնակարգային խախտումների մասին հիշատակումներին, փաստ է, որ բացի վերոհիշյալ դեպքից, կոնկրետ այլ պատգամավորների անուններ որևէ պատգամավորի կողմից չեն հնչեցվել: Ուստի, նիստը վարողը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ չի կիրառել` հորդորելով պատգամավորներին ուրիշի փոխարեն չքվեարկել:
Խորհրդակցության ընթացքում, կարևորելով նման դեպքերի բացառումը, նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի փոփոխության արդյունքում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի գործառույթներում ներառված են նաև պատգամավորի վարքագծի կանոններին առնչվող հարցերը, գործուն մեխանիզմներ են նախատեսված քննարկվող բացասական երևույթները կանխելու համար:
Քննարկման արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը որոշել է դիմել ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին` կոչ անելով աշխատանք տանել հետայսու համանման երևույթները բացառելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում