«Այլևս երբեք». Ֆ. Մարտիրոսյանը շարունակում է իր համերգաշարը
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը շարունակում է «Այլևս երբեք» համերգաշարը` նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության 100 ամյակին: Այսօր և վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հերթական համերգը, որի ընթացքում ցուցադրվելու է նաև 2011-ի նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի ունեցած «Այլևս երբեք» համերգաշարի առաջին համերգից կադրեր: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ելույթ են ունեցել նաև Մայքլ Սթունը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը, միջազգային համբավ ունեցող բազմաթիվ այլ երաժիշտներ, այդ թվում խաղաղության դեսպան համարվող աշխարհահռչակ Սթիվի Ուանդր:
Այս տարվա ընթացքում համերգներ են նախատեսված եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Կանադայում: Համերգային շրջագայության ավարտը տեղի կունենա 2015թ-ին Հայաստանում: Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների, արվետագետների հետ համագործակցելով, երգչուհին նպատակ ունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու Հայոց ցեղասպանության և մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, ինչպես նաև աշխարհին հույսի և խաղաղության կոչ հղել:
Նշենք, որ Ֆ. Մարտիրոսյանը 2007թ.-ին հիմնել է «Artists for peace» («Արվեստագետները հանուն խաղաղության» ) բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկված են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` «Այլևս երբեք» ասելու համար: