Երեխաների կոնվենցիան ու մեր երկրի մեծերը. ի՞նչ է արվում փոքրերին օրենքներից պաշտպանելու համար
Հայաստանը դեռևս 1992թ. հունիսի 1-ին է միացել «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային» (ԵԻԿ), սակայն առ այսօր քչերը գիտեն, որ համաձայն այդ փաստաթղթի` ցանկացած օրենքի նախագիծ, նախքան ընդունվելը ու օրենք դառնալը, պետք է համապատասխան հետազոտություն անցնի, թե ինչպես է անդրադառնալու երեխաների իրավունքների վրա:
Կոնվենցիայի դրույթների տողատակերում ու հարակից փաստաթղթերում ամրադրված այս պահանջի հիմնական նպատակը նրանում է, որպեսզի երեխաները ևս մասնակից լինեն քաղաքական կյանքին` բացի ընտրություններին մասնակցելուց, երեխան ունի մնացած բոլոր իրավունքները:
Նախօրեին «Save the children» կազմակերպությունում ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված քննարկման առանցքում հենց այդ հարցն էր` ի՞նչ մեխանիզմներ կարելի է գտնել ու կիրառել, որպեսզի երեխայի մասնակցությունը ավելի ակտիվանա երկրի քաղաքական, հասարակական ասպարեզներում: Առավել ևս, որ դա պետք է լինի ոչ թե չինովնիկների բարի կամքի հաշվին, այլ պարտադիր պայման:
Ի վերջո, մասնակիցները համաձայնեցին, որ, օրինակ, թեև մեր դպրոցներում առկա է աշակերտական խորհուրդ հասկացությունը, բայց այն ոչ բոլոր տեղերում է ծառայում բուն նպատակին` պաշտպանել երեխաների շահերը, պահանջներ առաջ քաշել, իսկ պետք եղած ժամանակ էլ պայքարել դպրոցի տնօրինության դեմ` անգամ հասնելով նրան, որ տնօրենը փոխվի: Մեզանում աշակերտական խորհուրդ ասվածը ավելի շատ ծառայում է էքսկուրսիաներ կազմակերպելու, թատրոնի տոմս գնելու կամ էլ նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպմանը, ոչ ավելի:
Ավելին` կազմակերպության մասնագետները, առաջ քաշելով Կոնվենցիայի այս պահանջը պարզել են, որ ոչ միայն օրենսդիրը, այլև գործադիրը դրանից տեղյակ չէ հերիք չի, հիմա էլ տարակուսում է, որ սա, իրականում, դժվար իրականացվելիք բան է` չկան հստակ մեխանիզմներ, մարդկային ռեսուրս և այլն, և այլն:
Եղանակներից մեկը, որ քննարկվեց, դա ոչ թե հույսը դնել պետության վրա, այլ օգնել վերջինիս` համախմբելով տվյալ ոլորտի պատասխանատու հասարակական կազմակերպությունների ռեսուրսը, գիտելիքը և մնացածը: Իսկ հաջորդը` օրինակներով, փաստերով ու կոնկրետ դեպքերով ներկայացնել պետությանը, թե ինչպե՞ս է այս կամ այն օրենքը արդեն ազդել երեխաների վրա, այլ ոչ թե գեղեցիկ բառեր ասել ու, ցավոք, դատարկ հղումներ անել չոր փաստաթղթին:
Հետադարձ հայացք գցենք մեր օրենսդրությանը. ի՞նչ ունենք մինչ օրս, որ Կառավարության ու Ազգային Ժողովի թեթև ձեռքով հաստատվել է առանց երեխաներին` երկրի ապագան, հաշվի առնելու: Օրինակ վերցնենք «Հանրային առողջության մասին» ՀՀ օրենքը, որում սևով սպիտակին գրված է .«Օրենքն ամրագրում է պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք ուղղված են մարդու առողջության վրա սոցիալ-տնտեսական, վարքագծային, շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելմանն ու բացառմանը և ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովմանը»:
Հետո վերհիշենք Թեղուտի շահագործումը , բնապահպանների բարձրացրած աղմուկը և դրա անարդյունավետությունը. Թեղուտը շահագործվելու է անկախ ամեն ինչից, որովհետև խոսքը մեծ գումարների մասին է ու առավել ևս անկախ նրանից, որ շահագործումն աներկբա կբերի Լոռիում քաղցկեղով հիվանդ կանանց ու երեխաների թվի ավելացմանը, ինչպես նաև կանանց մի մասն էլ չբեր կդառնա: Իսկ սա ևս անհրաժեշտ է դիտարկել երեխայի իրավունքի ոտնահարման կոնտեքստում:
Կամ` դարձյալ նույն օրենքում ամրագրված այն դրույթը, թե` «Սննդամթերքը, սննդային հավելումները, պարենային հումքը, սննդամթերքի ու պարենահումքի հետ շփում ունեցող նյութերը և ապրանքները պետք է մարդու առողջության համար անվտանգ լինեն»: Այո, պետք է, բայց արդյո՞ք անվտանգ են և ի՞նչ է անում օրենքը, երբ հայտնաբերվում է, որ խախտվում է: Խախտվում է, երբ մայրը իր մանկահասակ երեխայի համար խանութից հայտնի ընկերության արտադրության թթվասեր է գնում , հույս ունենալով, որ բնական մթերք է ձեռք բերել, իսկ հետո պարզվում է, որ բնականը, թերևս, միայն անվանումն է` մնացածը ինչ-որ անհասկանալի հավելումներով հարուստ զանգված: Նույնը նաև փոքրիկների համար նախատեսված պանրիկների մասով, որոնցում կաթնաշոռի առկայությունը փոխարինվում է արմավենու յուղով, սակայն ակթանշոռի տեղ, հալած յուղի պես, սպառվում գնում է… Ի՞նչ է անում օրենքը:
Ոչինչ: Այնպես որ գուցե իսկապես կարևոր է նախքան օրենք ընդունելն այն փորձաքննության ենթարկել ու հասկանալ, թե ինչպես կարող է ազդել երեխաների վրա, բայց ավելի կարևոր է, որ այս երկրի մեծերը խիղճն ու ամոթը չկորցնեն ու մտածեն, որ իրենց գործողությունները, արտադրությունը, խոսքն ու գործը կարող են ազդել երեխաների վրա: Երբ այդ հասկացությունը մեզանում վերակենդանանա, այդժամ էլ Կոնվենցիայի դրույթը գուցե չանտեսվի ու զարմանք չառաջացնի նրանց մոտ, ում առաջնահերթ ուղղված է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում