Ա.Զաքարյան. «Ցանկալի է, որ ինչպես մենք դիմավորեցինք ադրբեջանցիներին, գոնե կիսով չափ նույնը մեզ սպասվեր Բաքվում»
«Նախագահի հետ հանդիպմանն ադրբեջանցի պատվիրակները բարձրաձայնեցին բոլոր այն հարցերը, որոնք Ադրբեջանը միշտ շահարկում է` Լեռնային Ղարաբաղի հակամարտություն: Սակայն նախագահ Սարգսյանը ոչ միայն նրանց, այլև բոլորին ներկայացրեց` հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակն է: Եվրոպացի մեր գործընկերները ևս հստակ մատնանշեցին. խնդիրը պետք է քննարկել բացառապես այդ հարթակում»,-Panorama.am-ի հետ զրույցում` ներկայացնելով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների հանդիպման մանրամասները` նշեց վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համանախագահ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:
«Նախագահը,- շարունակեց նա,-ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է քննարկվի մասնագիտացված, մանդատավորված կազմակերպության կողմից և ոչ թե այս կամ այն միջազգային կազմակերպությունների մակարդակում: Եվ եթե Ադրբեջանը չի վստահում Ֆրանսիային, ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին, ապա պետք է այդ մասին ասի, այլապես ստացվում է, որ մի կողմից պաշտոնական Ադրբեջանը որդեգրում է բանակցային գործընթացի քաղաքականություն, իսկ մյուս կողմից բոլորովին այլ տեղեկատվություն է շրջանառության մեջ դնում»
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է իր իսկ հասարակությանը խաբել, իսկ դա բացասական երևույթ է»,- ընդգծեց նա:
Վերադառնալով նախագահի հետ հանդիպմանը ու այդ հանդիպմանը նաև ադրբեջանցի երեք պատվիրակների մասնակցությանը` Ա.Զաքարյանը շեշտեց, որ նրանք խոստովանել են, որ չէին սպասում, թե նման լավ ու ջերմ մթնոլորտ կարող է լինել: Նրանք նաև նշել են, որ իրենք իրենց համար պարզել են, թե Երևանում գտնվելը գրեթե չի տարբերվում Բրյուսելում կամ եվրոպական մեկ այլ քաղաքում գտնվելուց:
Հետաքրքրվեցինք` իսկ հայկական կողմը ակնկալո՞ւմ է նույն ընդունելություն կամ նույնատիպ մթնոլորտ Բաքվում, որտեղ ապրիլի 2-5-ը կայանալու է Եվրանեսթի լիագումար նիստը.
«Ցանկալի կլիներ, որ ինչպես մենք դիմավորեցինք, գոնե դրա կիսով չափը մեզ սպասվեր Բաքվում ու նույնչափ մեզ վերաբերվեն… տեսնենք: Ամեն դեպքում խոստանում են ավելին»,- արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության այցին Բաքու, ապա այն, ըստ հանձնաժողովի համանախագահի, ցանկալի է և որպես պատգամավորներ` նրանք իրենց աշխատանքը պետք է անեն: Բայց Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակների այցելությունը Բաքու կկայանա միայն այն դեպքում, եթե հակառակ կողմը համապատասխան երաշխիքներ ներկայացնի ու վստահություն լինի, որ ամեն ինչ հարթ կանցնի:
Ի դեպ նշենք, որ ադրբեջանական պատվիրակությունը միակն էր, որ երևանյան նիստին ժամանել էր ողջ կազմով` երեքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում