Առաջիկայում քննարկվելու են Թբիլիսի Սբ. Նշան եկեղեցու վերականգնման ու ամրակայման անհրաժեշտ աշխատանքների ծավալները
Թբիլիսի Սբ Նշան եկեղեցու հետագա պահպանությանն առնչվող խնդիրներն աշխատանքային կարգով շարունակվում են քննարկվել վրաց գործընկերների հետ: Մասնավորապես ի պատասխան Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցու մաքրման աշխատանքների ու պահպանության վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հարցման` Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալությունը փետրվարի 16-ին տրամադրել է տեղեկություն, համաձայն որի ամբողջովին մաքրվել է եկեղեցու ներսում գտնվող թղթի կիսաայրված զանգվածը: Այս մասին ի պատասխան Panorama.am-ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում Սուրբ Նշանի մաքրամն ու պահպանության գործընթացը, տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարությունը:
Ըստ աղբյուրի, եկեղեցու պահպանվածության վիճակին հետևելու, հնարավոր փոփոխությունները փաստելու նպատակով վրաց մասնագետները պարբերաբար այցելում են հուշարձան, իրականացնում պահպանությանը նպատակաուղղված միջոցառումներ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրացական կողմի հետ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու աշխատակիցների առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև 2012 թ. եկեղեցու վերականգնման ու ամրակայման անհրաժեշտ աշխատանքների ծավալները:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում բռնկվել է հրդեհ, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավարևելյան սյունը:
Նախորդող նորություններ` Սուրբ Նշան եկեղեցու հրդեհի հանգամանքները ուսումնասիրելու համար հանձնախումբ է մեկնել Թբիլիսի
Սբ Նշան . Հայկական պատվիրակությունը վերադարձել է Թբիլիսիից. ձեռք են բերվել պայմանավորվածություններ