Ա. Զաքարյան. «Հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն»
Առաջին անգամ Եվրամիության տարածքից դուրս` Երևանում նախօրեին մեկնարկեց Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն նիստի ավարտին լրագրողներին ներկայացրեցին այս երկու օրերի աշխատանքն ու արդյունքները:
Ըստ Ա.Զաքարյանի, հայկական կողմի համար հատկապես կարևոր էր Ադրբեջանի պատվիրակության ներկայությունը:
Ադրբեջանական կողմին շատ էին հետաքրքրում բոլոր այն հարցերը, որոնք առնչվում էին հայաստանյան իրողություններին` երիտասարդությանը վերաբերող հարցերին, աղքատության հաղթահարման մեր մեթոդներին ու ծրագրերին: Բանախոսի ներկայացմամբ` նրանք այդպիսով գուցե համեմատում էին իրենց երկրի իրողությունների հետ:
Ինչ վերաբերում է նրան, որ հաջորդ նիստը Եվրանեսթը գումարելու է Բաքվում և արդյոք կմասնակցի դրա աշխատանքներին հայկական կողմը, Ա.Զաքարյանը նշեց, որ մասնակցությունը ճիշտ է, քանի որ դա ոչ թե ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է, այլ եվրոպական ձևաչափ: Բայց մասնակցելու ենք, թե ոչ հարցին հստակ պատասխան կտրվի այնժամ, երբ անվտանգության երաշխիքներ և մնացածը տրվեն Հայաստանին: Թեև շեշտեց, որ Հայաստանում ադրբեջանական պատվիրակների ներկայությանն անվտանգության արտառոց միջոցառումներ չեն ուղեկցել:
Ի դեպ, լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նախօրեին արդյոք ադրբեջանցիները նախագահից հող` տարածքներ չեն ուզել. «Ոչ»,- արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Տիկին Անդրիկիենեն էլ իր խոսքում նշեց, որ բավականին բարդ էր նիստն անցկացնել ԵՄ տարածքից դուրս, բայց այն շատ կարևոր փորձ էր` եվրոպացի ներկայացուցիչները շատ բան քաղեցին այս նիստից. «Արգասաբեր ու շատ բաց քննարկումներ ծավալեցինք»,- նշեց նա:
Հավելեց նաև, որ առաջին անգամ է Հայաստանում ու շատ սիրեց մեր երկիրը:
Նշենք, երկօրյա նիստերի ժամանակ քննարկվել են աղքատության հաղթահարման, մարդու իրավունքների պաշտպանության ու նաև կանանց խորհրդարանական աշխատանքում ներգրավվածությանը վերաբերող շատ հարցեր:
Հիշեցնենք, որ Եվրանեսթի լիագումար նիստը կգումարվի արդեն ապրիլին Բաքվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան