Շտեմարանի 3-րդ մասն արդեն վաճառքում է. «Առանց գիտելիքի՝ շտեմարանները անգիր անել հնարավոր չէ»
Արդեն վաճառքում է հայոց լեզու և հայ գրականություն առարկայի 2012թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանի 3-րդ մասը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից:
Հիշեցնենք, որ շտեմարանի առաջին և երկրորդ մասերը 2011-ի դեկտեմբերից էին շրջանառության մեջ դրվել:
Ինչպես մաթեմատիկայի շտեմարանները, այնպես էլ հայոց լեզվինը, ընդգրկում են 5000 առաջադրանք, սակայն տպագրական և ծավալային առումով հնարավոր չի եղել հայոց լեզվի առաջադրանքները տեղավորել 2 հատորներում, այդ իսկ պատճառով այդ առարկայից քառահատոր է շտեմարանը:
ԳԹԿ քննական առաջադրանքների և մեթոդական օժանդակության բաժնի գլխավոր մասնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Միրցա Հալաջյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ աշակերտը կարող է քննության նախապատրաստվել առանց շտեմարանի մեկ հատոր անգամ ձեռք բերելու. «Չէ՞ որ այդպես է եղել այն տարիներին, երբ ընդհանրապես շտեմարան գոյություն չուներ»: Նա հավելեց, որ նախապատրաստվելու համար աշակերտին ԳԹԿ-ն անվճար տրամադրել է ուղեցույց. «Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի ուղեցուցի հեղինակները նպատակ են ունեցել հնարավորինս հստակեցնել և սահմանափակել թեստերում ընդգրկվելիք նյութի շրջանակները՝ ի շահ աշակերտի և դիմորդի:
Համաձայն թեստավորման սկզբունքների՝ թեստերը կազմվում են ծրագրերի և դասագրքերի հիման վրա, և թեստի հեղինակը կարող է թեստային ստուգման նյութ դարձնել հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների դասագրքերում տեղ գտած ցանկացած նյութ: Ուղեցույցի հեղինակները մանրակրկիտ ու բարեխղճորեն ուսումնասիրել են մասնավորապես ավագ դպրոցի տարբեր հոսքերի դասագրքերը, համադրել դրանք: Հեղինակները նաև հստակ սահմանազատել են պարտադիր ընթերցանության համար (նաև անգիր սովորելու համար) նախատեսվող ստեղծագործությունները՝ սահմանելով դրանց համար առաջադրանքների թեմատիկ-բովանդակային ընդգրկման որոշակի շրջանակ, և ընդհանուր իմացության համար նախատեսվող ստեղծագործությունները, որոնց վերաբերյալ, ինչպես նշված է ուղեցույցում, կարող են տրվել միայն ճանաչողական բնույթի հարցեր դասագրքում եղած նյութի շրջանակներում»,-ասաց Միրցա Հալաջյանը:
Ըստ նրա, թեստերում ընդգրկվելիք նյութից բացառվելու են այն ստեղծագործությունները, որոնք դասագրքերում ներկայացված են սոսկ թվարկումով: Նրա հավաստմամբ, շրջանավարտի և դիմորդի գործը հեշտացնող նման աշխատանք մինչ այժմ երբևէ չէր եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին