Շահգելդյանը Բիշարյանի հետ տարաձայնություններ չունի
«Իմ և Հեղինե Բիշարյանի միջև ոչ մի տարաձայնություն չկա և չի էլ կարող լինել: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այդպիսի բան չի էլ կարող լինել», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը` մեկնաբանելով մամուլի տեղեկությունը, թե կուսակցության համամասնական ցուցակի հետ կապված Մհեր Շագհելդյանի և Հեղինե Բիշարյանի միջև լուրջ հակասություններ կան:
«Մենք հին ընկերներ ենք, կուսակցական ու քաղաքական և գնում ենք առաջ», -հավելեց մեր զրուցակիցը:
Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակը զբաղեցրել են Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը և բոլորովին վերջերս կուսակցությանն անդամագրված ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Շահգելդյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ եռյակում չի ընդգրկվել ինքը` որպես կուսակցության հիմնադիրներից մեկը: «Նորմալ եմ գնահատում, մեզ համար կարևորագույն խնդիրը կուսակցության հաջողություններն են, և մենք բոլորս այդ ճանապարհով ենք գնալու: Այստեղ ոչ մի բան չեմ տեսնում, չգիտեմ ինչի համար եք նման հարց տալիս: Տեղը ինձ համար նշանակություն չունի», -պատասխանեց Շահգելդյանը:
Մեր հարցին, թե համամասնական ցուցակի գոնե առաջին տասնյակում կընդգրկվի՞ Շահգելդյանը, նա պատասխանեց. «Ես հիմա այդ հարցը չեմ քննարկում, երբ կուսակցության ցուցակը կլինի, բոլորը կիմանան»: