«Ղարաբաղ` թաքնված գանձ». Խնդիրը Արցախը ճիշտ ներկայացնելն է
«Այս ֆիլմով մենք փորձեցինք խոսել Արցախի ներկայի մասին », - այսօր «Ղարաբաղ` թաքնված գանձ» ճանաչողական-վավերագրական ֆիլմի շնորհանդեսին ասաց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ով սցենարիստ Մարիաննա Փայտյանի հետ ներկայացրեց շուրջ 6 ամիս տևած ստեղծագործական աշխատանքները:
«Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից Արցախը ներկայացվում է որպես մի դժոխային տիրույթ, ոստան, ավերակների կույտ` խեղաթյուրելով իրականությունը: Ֆիլմը, պատմելով ոչ թե Ղարաբաղյան հիմնահարցի մասին, այլ ներկայացնելով ներկայիս Արցախը` նպատակ ունի աշխարհին ցույց տալ իրողությունը», - ասաց ռեժիսյորը: Նրա խոսքով` ֆիլմը միտված է խթանելու զբոսաշրջությունը, որ յուրաքանչյուր օտարազգի զբոսաշրջիկ` գալով Արցախ, կարողանա ոչ միայն սեփական աչքով տեսնել Արցախը, այլ նաև ցանկանա իմանալ պատմական իրողությունը:
«Որքան շատ մարդ գա Արցախ, այդքան շուտ կճանաչվի իրողությունը: Խնդիրը Արցախը ճիշտ ներկայացնելն է», - ընդգծեց նա` տեղեկացնելով, որ ֆիլմում արտացոլված է Արցախի ողջ բնությունը, մշակութային ժառանգությունը և արցախցու կյանքը:
Իր հերթին սցենարիստ Մարիաննա Փայտյանը կարևորեց այն, որ օգտագործվել են ոչ թե հանրագիտարանային նյութերը, այլ փորձառու մասնագետների տարբեր դիտարկումները: Բանախոսները կարևորեցին նաև բացառիկ տեսարանները, մասնավորապես` ղարաբաղյան վայրի ձիերի նկարահանումները:
«Ադրբեջանի քարոզչամեքենան ներկայացնում է այդ նժույգներին որպես ձիերի իրենց ուրույն ցեղատեսակ, իբր բերված Բրիտանիայից: Սակայն իրականում դա հնուց այստեղ բնակված մեր հայկական նժույգներ են», - ընդգծեց Ջիվան Ավետիսյանը:
Նշենք, որ այսօր «Նարեկացի» մշակութային կենտրոնում տեղի կունենա ֆիլմի պրեմիերան, իսկ վաղը ժամը 21:20 այն կհեռարձակվի «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերով: