ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդներն ակնհայտ սխալներ են թույլ տվել
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության կողմից փետրվարի 17-ին հրապարակված Կարիքների գնահատաման առաքելության զեկույցը պարզվում է կոպտագույն սխալներ է պարունակում:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ զեկույցում ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սխալ է նշվել: «Հայաստանի Ազգային ժողովը միապալատ մարմին է, ունի 131 պատգամավոր, ովքեր ընտրվում են չորս տարի ժամկետով»,- նշված է զեկույցի մեջ այն դեպքում, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածն ուղղակի ամրագրում է, որ խորհրդարանի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
Այս ակնհայտ անհամապատասխանությունը, սակայն, զեկույցում (որը պաշտոնական փաստաթուղթ է) միակը չէ:
Զեկույցի «Թեկնածուների գրանցումը» բաժնում հեղինակներն անդրադարձել են ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան նորմերին և ներկայացրել պատգամավորության թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջները: Այս համատեքստում հիշատակվել է ընտրական գրավի պահանջը` նշումով, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել ցանկացող թեկնածուների համար ընտրական գրավի չափն ավելի քիչ է: Իսկ ահա կից ներկայացվող բացատրություններում ընտրական գրավի չափերի մասին գրված է հետևյալը` համամասնականի դեպքում` 12-րդ հղում. «Նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկը կամ մոտ 509 950 եվրո: Նվազագույն աշխատավարձը մոտ 64 եվրո է: Զեկույցը գրելու պահին փոխարժեքը մոտավորապես հետևյալն է 1 եվրոն = 512 դրամ»:
Մեծամասնականի դեպքում` 13-րդ հղում. «Նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը կամ 63740 եվրո»:
Հարկ է նկատել, որ զեկույցի հեղինակներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների բաժնի ղեկավարի տեղակալ Նիկոլա Շմիդտի (Nicola Schmidt) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների փորձագետ Ռաուլ Մուրեշանի (Raul Mureşan) այս դիտարկումներն իրականության հետ կապ չունեն:
Բանն այն է, որ «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն, երկրում նվազագույն է սահմանվել 32500 դրամը, որն իսկապես օրվա փոխարժեքից կախված կազմում է մոտ 64 եվրո: Սակայն կա մի բայց: Օրենքի 3-րդ հոդվածն ամրագրում է, որ «ՀՀ օրենսգրքերի, օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը»:
Այսինքն` պահանջվող ընտրական գրավը համապատասխանաբար համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցությունների համար 8 մլն դրամ է կամ 15625 եվրո, իսկ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների դեպքում` 1 մլն դրամ կամ 1954 եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում