«Շփման գծում արձանագրվող բոլոր կորուստների մեղավորն անձամբ Իլհամ Ալիևն է»
«Հայ զինծառայողի մահվան պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` անդրադառնալով երեկ ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհված հայ զինվորի մահվան փաստին:
Հիշեցնենք, եր Փետրվարի 23-ին` ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Վազգեն Կարախանյանը հիշեցրեց, որ հայկական կողմը, զոհերից զերծ մնալու համար է անընդհատ բարձրացնում դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու նախաձեռնությունը, ինչը մշտապես ողջունվել է միջնորդ երկրների և միջազգային կառույցների կողմից:
«Դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու վերաբերյալ Հայաստանի և միջնորդ երկրների մոտեցումները համահունչ է. հստակ է, որ դիպուկահարների դուրս բերումը էապես կնվազեցնի շփման գծում առկա լարվածությունը, ինչին ակնհայտորեն դեմ է Ադրբեջանը: Ադրբեջանը տարածաշրջանում անկայունության երաշխավորն է»,- հավելեց պատգամավորը:
Փաստի առնչությամբ ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը նշեց.
«Շփման գծում արձանագրվող բոլոր կորուստների մեղավորն անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է: Պարզորոշ երևում է, որ այդ մարդը ընդունակ չէ կոնֆլիկտները քաղաքակիրթ ձևով լուծելուն: Նման սադրանքներով նա փորձում է հեղինակություն բերել իր բանակին, ապացուցել, թե իբր իրենց բանակը մարտունակ է:
Մյուս կողմից, Ադրբեջանն ապացուցել է, որ իր համար մարդկային կորուստները որևէ արժեք չունեն. Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում տեղի ունեցած դրա վառ ապացույցն են»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում