Կ. Ավագյան. Ադրբեջանի նենգ քաղաքականության արդյունքում մարդկային կորուստներ են գրանցվում
«Ադրբեջանը շարունակում է իր նենգ քաղաքականությունը, ինչի արդյունքում մարդկային կորուստներ են գրանցվում»,- մեկնաբանելով փետրվարի 23-ին, հակառակորդի դիպուկահար գնդակից ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայողի զոհվելու փաստը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը:
Հիշեցնենք, որ դիպուկահարներին առաջնային գծից դուրս գալու նախաձեռնությամբ ԵԱՀԿ-ից բացի հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Հայկական կողմը, ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ կողմ է նախաձեռնության: Սակայն ադրբեջանական կողմը նշում է, որ դիպուկահարների դուրս բերումով որևէ խնդիր չի լուծվում ու դա է պատճառը որ հրաժարվում է միանալ նախաձեռնությանը: Նշենք, որ ադրբեջանական «Դոկտրինա» կազմակերպության ներկայացրած տվյալներով, միայն 2011 թվականին շփման գծում սպանվել է 8 ադրբեջանցի զինծառայող, սակայն ոչ պաշտոնական տվյալներով, երկու կողմերում արձանագրված կորուստները մի քանի տասնյակի են հասնում:
Պատգամավորի խոսքերով, ակնհայտ է դառնում, թե ինչու է ադրբեջանական կողմը մշտապես հրաժարվում միջնորդների՝ դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու առաջարկից:
«Ադրբեջանն իր քայլերով էապես վնասում է ընթացող բանակցային պրոցեսին ու ևս մեկ անգամ ապացուցում, որ հավատարիմ չէ ձեռք բերված պայմանավորվածություններին»,- հավելեց նա:
Նշենք, որ երեկ` ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը: