Ազգային արխիվում Ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ են պատրաստում. «Այն հարցին վերջնական լուծում կտա»
Թուրք պատմաբաններից` Ֆադեմ Ջանդանը Հայաստանի պետական արխիվներում վերջին անգամ աշխատել է ուղիղ տասն օր առաջ: Նա մի քանի անգամ եկել է Հայաստան, եղել արխիվներում: Վերջին տասնամյակում նրա հետ Հայաստանի արխիվներում ուսումնասիրություններ կատարել է նաև մեկ այլ թուրք պատմաբան:
Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հայտարարություններին, թե Հայաստանը չի բացում իր արխիվները, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը կրկնեց վերջին տասը տարիների ընթացքում անընդհատ արած իր հայտարարությունը. «Հայաստանի պետական արխիվները բաց են բոլորի համար, այդ թվում և թուրք ուսումնասիրողների»:
Ա. Վիրաբյանի խոսքով, հայկական փակ արխիվներ ասելով, թուրքերն ու թուրքամետ այլ գործիչներ ի նկատի ունեն Բոստոնում գտնվող Հայ Հեղափոխական Դաշնակցությանը պատկանող արխիվը: «Դա մասնավոր արխիվ է, պատկանում է կուսակցությանը, պետությունը որևէ իրավունք չունի դրա նկատմամբ: Դաշնակցությունն ինքն է որոշում իր արխիվը բացել, փակել, ում թույլ տալ»,-բացատրեց Վիրաբյանը:
ԳԱԱ արևելագիտության ինտիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ցեղասպանության հետ կապված հայկական արխիվներում այդ ամենը տեսածների ու փախստականների հուշերն են: «Երբ նրանք փոխել են եկել Հայաստան, կամ Թիֆլիս, Թումանյանի գլխավորած հանձնաժողովը գրանցել է: Այսիքն այդ մարդկանց տեսածն այն է, որ նրանք մազապուրծ փախել են»,-ասաց Սաֆրաստյանն ու հիշեցրեց, որ Ռուսաստանից բերված «պալիտարխիվի» նյութերը վերաբերում են մինչև ռազամական գործողությունները եղած ժամանակահատվածին, «որովհետև երբ պատերազմը սկսեց, Ռուսաստանը հարաբերությունները խզեց, ռուս դիվանագետները դուրս եկան այդ երկրից, և ռուսական դիվանագիտական լուրջ փաստաթղթեր ընդհանրապես քիչ կան: Ծիծաղելի են այդ հայտարարությունները, դրանց նպատակն էլ գործի էությանը ոչ ծանոթ մարդկանց մոտ տպավորություն ստեղծելն է, թե հայերը փակում են արխիվները մեր դեմ»:
Օրերս թուրքական լրատվամիջոցները հայտարարեցին 2006-ին նկարահանված «Հայկական ապստամբություն 1894-1920թթ» ֆիլմի հրապարակային ցուցադրման իրավունքը ամերիկացի ռեժիսորից գնելու մասին: Դրանից հետո այն ցուցադրվելու է ողջ Թուրքիայում: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ֆիլմում պատմվում է 2 մլն հայերի թուրքերի, քրդերի ու ազերիների սպանության, հիվանդություններից, սովից, ու ցրտից մահանալու մասին: Ֆիլմի հեղինականերն իբր օգտվել են թուրքական, ամերիկյան և բրիտանական արխիվներից, հարցազրույցներ անցկացրել թուրք, ամերիկացի և անգլիացի պատմաբանների հետ:
«Վերնագրից արդեն ամեն ինչ պարզ է` «Հայկական ապստամբություն` 1894-1920թթ»: Վերնագիրն արդեն խոսում է այն մասին, որ այստեղ թուրքական ավանդական տեսակետն է, իբր հայերը ապստամբել են Օսմանյան կայսրության դեմ, դրա համար էլ թուրքերը ի պատասխան սպանել են: Բայց դա չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Սաֆրաստյանը, նշելով որ նման ֆիլմերին անդրադառնալն իմաստ չունի, լուրջ գիտական նշանակություն չունեցող հերթական բանն է, մինչդեռ հայկական կողմն էլ այսօր լուրջ գրքեր է հրատարակում, փաստավավերագրական ֆիլմեր նկարում:
Այս պահին էլ Ազգային արխիվում մի խումբ աշխատում է մեծ փաստաթղթի կազմման վրա, որի հայերան տաբերակը երեք հատորով արդեն պատրաստ կլինի այս տարվա ընթացքում: Առաջիկա 2-3 տարիների ընթացքում կհրատարակվեն ռուսերեն, անգլերեն, թուրքերեն տարբերակները:
«Լույս կընծայվեն փաստաթղթեր, որոնք եթե չասենք 100 տոկոսով, ապա հարցի վերջնական լուծումը կտան` ինչպես են իրականացրել Ցեղասպանությունը գյուղ առ գյուղ, բնակավայր առ բնակավայր Արևմտյան Հայաստանում»,-ասաց Ազգային արխիվի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները