Էլեկտրոնային գրագիտության ոչ բավարար մակարդակը՝ էլեկտրոնային առևտրի զարգացման խոչընդոտ
Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանում համակարգիչների ու ինտերնետի օգնությամբ հնարավոր է շահութաբեր բիզնես ստեղծել: Մինչդեռ արտասահմանյան շատ երկրներում բազմաթիվ կայքեր էլեկտրոնային առևտրի շնորհիվ մեծածավալ առևտուր են իրականացնում, որի արդյունքում ապրանքաշրջանառության և եկամուտների չափերը մի քանի անգամ գերացանցում են նույնիսկ խոշոր առևտրային կազմակերպությունների գործարքներին:
էլեկտրոնային առևտրի մշակույթը` Հայաստանում
Այսօր Հայաստանում նույնպես փորձում են ներդնել էլեկտրոնային առևտրի մշակույթը: Օր օրի Հայաստանում համակարգիչներն էլ ավելի մեծ տարածում են ստանում, իսկ նախորդ տարիների համեմատ ավելացել են նաև ինտերնետից օգտվողների թիվ:
«InternetWorldStats» միջազգային կազմակերպության տվյալների համաձայն, Հայաստանը բնակչության քանակի և համացանցի հասանելիության համամասնությամբ զբաղեցնում է առաջին հորիզոնականը ԱՊՀ-ում: Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը 385 հազար է:
Այս թվերը խոսում են այն մասին, որ էլեկտրոնային կոմերցիա հասկացությունը շատ ավելի հեշտությամբ կարող է մտնել մեր կենցաղ: Եւ պատահական չէ, որ վերջին տարիներին ավելանում են հայկական կայքերը, ինչպես նաև այնպիսիները, որոնք առաջարկում են գնումներ կատարել օնլայն եղանակով:
Օնլայն գնումներ կատարելն ավելի հարմար է, չնայած այս դեպքում` ապրանքը չես տեսնում: Ամեն դեպքում, մեր երկրում կարծես թե այս մշակույթը ձևավորվում է: Սակայն պետք է նկատել, որ շատերի համար օնլայն առևտուրն այնքան էլ վստահություն չի ներշնչում: Ինչո’ւ:
Էլեկտրոնային առևտրի առավելությունները
SAS.am կայքի տնօրեն Արման Աթոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սկզբնական շրջանում շատերը մտածում էին, որ Հայաստանում էլեկտրոնային առևտուրը հեռանկար չի ունենա, բայց փորձը ցույց է տալիս, որ զարգացած երկրների պես Հայաստանում այն մեծ հեռանկար ունի: Այսինքն՝ թյուր է այն կարծիքը, որ Հայաստանում չի աշխատում էլեկտրոնային կոմերցիան, քանի որ այն արագ տեմպերով զարգանում է:
Նրա խոսքերով` էլեկտրոնային առևտուրն առավելություններ ունի նաև այն իմաստով, որ ամենակարևոր շեշտը դրվում է պարզության վրա; Այսինքն` մարդիկ, ովքեր էլեկտրոնային առևտուր իրականացնելու փորձ չունեն, ապա առաջին անգամ կայք մտնելով` կարող են ծանոթանալ տվյալ խանութի տեսականիին և հեշտությամբ օնլայն եղանակով ապրանքներ պատվիրեն:
«Հայաստանում սա նոր գաղափար է, սակայն վստահ եմ, որ այն հեռանկար է ունենալու»,- ասաց Ա.Աթոյանը:
«Բրաբիոն» ֆլորա սերվիսի գովազդի գծով տնօրեն Ծովինար Սարգսյանը ևս գտնում է, որ էլեկտրոնային առևտուրը հայկական իրականության մեջ թեև նոր երևույթ է, բայց առևտրի այդ տեսակի զարգացման միտումներ նա մեր երկրում տեսնում է:
Էլեկտրոնային խանութներ. խնդիրներ ու խոչընդոտներ
Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում զարգացնելու նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ձեռնամուխ է եղել իրավական դաշտի կարգավորման խնդիրների լուծմանը։ 2011թ. հոկտեմբերից միությունը «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացնում է էլեկտրոնային առևտրի բնագավառում պետական քաղաքականության և իրավական դաշտի բարեփոխումների ծրագիրը:
Արման Աթոյանը անդրադառնալով խոչընդոտներին, նշեց, որ էլեկտրոնային առևտրի զարգացմանը խոչընդոտող գործոններից կարելի է առաջին հերթին առանձնացնել էլեկտրոնային գրագիտության ոչ բավարար մակարդակը:
«Մարդիկ վախ ունեն և չեն ցանկանում իրենց բանկային քարտերով ինտերնետով առևտուր անել: Այսօր մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր ունեն պլաստիկ քարտեր, սակայն տեղյակ չեն դրանց կիրառման հնարավորությունների մասին:
Աշխատավարձը ստանալով փոխանցման միջոցով, նրանք գնում և անմիջապես բանկոմատից դուրս են բերում ողջ գումարը, կամ` գումար են հանում բանկոմատից և կատարում են կոմունալ վճարումներ, ինչպես նաև կոնկրետ խանութներում իրենց բանկային քարտերով են վճարումներ կատարում:
Մենք մարդկանց փորձում ենք սովորեցնել, որ իրականում չպետք է վախենալ: Փորձում ենք ցույց տալ, որ ինչքան պարզ ու հեշտ է օնլայն առևտուր իրականացնելը, և մարդկանց տեղեկատվություն ենք տրամադրում, թե էլեկտրոնային խանութներից ինչպես պետք է օգտվեն»,- նշեց Ա. Աթոյանը:
Հայաստանում էլեկտրոնային առևտրի խոչընդոտող խնդիրներից է նաև վճարահաշվարկային համակարգի բացթողումները: Ըստ նրա՝ Հայաստանը կցված չէ աշխարհի ամենամեծ՝ Փեյփալ (PayPal) վճարային համակարգին, որին մարդիկ վստահում են:
Հիմնական խնդիրներից մեկը կապված է նաև Visa միջազգային քարտերի օգտագործման անհնարինության հետ, քանի որ հայաստանյան բանկերը չունեն Visa ընկերության լիցենզիա (Visa International e-commerce license): Սակայն, ինչպես նշեց Ա.Աթոյանը, ԱրՔա (ArCa) ընկերությունը խոստացել է, որ այս տարվա ընթացքում հարցին լուծում կտրվի:
Այսպիսով, տեղական բանկերը կկարողանան սպասարկել արտասահմանյան վիզա քարտեր ինտերնետի միջոցով: «Այսինքն՝ եթե ArCa-ն լուրջ քայլեր ձեռնարկի, ապա հուսով ենք, որ մարդիկ ավելի շատ այդ ծառայությունից կօգտվեն»,- ասաց Ա.Աթոյանը:
Ինչ վերաբերում է իրավական խնդիրներին, ապա նա նշեց, որ իրավական առումով խնդիրներ չունեն, դրանք ավելի շատ տեխնիկական խնդիրներ են:
Ծովինար Սարգսյանը նույնպես նկատեց, որ զարգացման խոչընդոտները զուտ տեխնիկական են: Խոչընդոտներից նա ևս առանձնացրեց վճարահաշվարկային համակարգի հետ կապված խնդիրները: «ՄաստերՔարտերը մեզ մոտ սպասարկվում են, իսկ ՎիզաՔարտերը լուրջ խոչընդոտ են, այստեղ չեն սպասարկում: Հավանաբար, մեծ գումարների հետ է կապված, և բանկերը չեն կարողանում այդ լիցենզիաները ձեռք բերել: Բայց գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքեր տարվում են և կարծում եմ, որ մոտ ապագայում դա էլ կլինի»,- նշեց Ծ.Սարգսյանը:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով 2011 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է 800 մլն դրամի էլեկտրոնային առևտուր: 2010 թ. երրորդ եռամսյակում իրականացված էլեկտրոնային առևտրի ծավալը կազմել էր 500 մլն դրամ, 2009 թ.` 400 մլն դրամ: Մինչդեռ էլեկտրոնային առևտրի համաշխարհային շրջանառությունը գնահատվում է մոտ 650 մլրդ դոլար, որից 180 մլրդ դոլարը բաժին է ընկնում ԱՄՆ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան