Գլխավոր դատախազին «Ֆաետոն» կնվիրեն
«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չի զրկվի իրեն սպասարկող «Ֆոլցվագեն Ֆաետոն» մակնիշի ավտոմեքենայից, քանի որ տերը որոշել է այլևս ետ չուզել: Ինչպես հայտնի է, Հովսեփյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում չի գտնվում: Չնայած գլխավոր դատախազը 2005-ից այդ ավտոմեքենայով է շրջում, բայց վերջինս «Եվրովագեն» ընկերության սեփականատեր Մանվել Ղարիբյանի ընկերություններից մեկի հաշվեկշռում է գրանցված:
«Այն փաստը, որ ավտոմեքենան մասնավոր ընկերության է պատկանում, ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել էր դեռևս անցած տարի: Սակայն, այն ժամանակ ենթադրվում էր, որ իրական տերը պատրաստվում է ետ պահանջել ավտոմեքենան»,-գրում է թերթը:
Իսկ Մանվել Ղարիբյանը թերթին ասել է, որ դեռևս անցած տարի ավտոմեքենայի հետ կապված մի գրություն են նախապատրաստել, բայց այդպես էլ չեն ուղարկել: Իսկ այսօր արդեն իրավիճակը փոխվել է, և ամենայն հավանականությամբ` ավտոմեքենան այլևս ետ չեն պահանջի: «Չգիտեմ, կարող է նվիրենք կամ համաձայնություն ձեռք բերենք ու պայմանագիր կնքենք: ԱԺ ընտրություններից հետո այդ հարցին նոր կանդրադառնանք: Մենք բողոքարկելու խնդիր չունենք»,- ասել է Ղարիբյանը: