Նախագահ Ս. Սարգսյանը տարվա առաջին կեսին այցելելու է Վիետնամ
Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հրավերով պաշտոնական այցելությամբ Հանոյում գտնվող Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 24-ին ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Թրուոնգ Թան Սանգը:
Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասաակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Վիետնամի նախագահն ասել է, որ Վիետնամում Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերվում են եղբայրական ջերմությամբ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պատերազմի տարիներին և հետպատերազմյան վերականգնմանը Վիետնամին ցուցաբերած կարևոր աջակցությամբ: «Մեր շատ քաղաքացիներ կրթվել են Հայաստանում և այժմ իրենց գիտելիքները ներդնում են մեր երկրի զարգացման գործում և Վիետնամի ժողովուրդը երախտապարտ է Հայաստանին այդ օժանդակության համար: Այսօր մենք կարևորում ենք անկախ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ցանկանում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Վիետնամի նախագահը վերահաստատել է ՀՀ նախագահին ուղղված Հանոյ այցելելու հրավերը և ընդգծել, որ ինքն ուրախ կլինի ողջունել բարեկամ Հայաստանի ղեկավարին Վիետնամում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Վիետնամի ղեկավարին, և տեղեկացրել, որ նախագահ Սարգսյանն ընդունել է Վիետնամ այցելելու իր գործընկերոջ հրավերը և այն տեղի կունենա այս տարվա առաջին կեսին: Երկուստեք վստահություն են հայտնվել, որ ՀՀ նախագահի առաջիկա այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը:
Վիետնամի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով իրականացվելիք քայլերը, ասիական տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները: Այս ենթատեքստում Վիետնամի նախագահը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ իր երկիրը կարող է Հայաստանի համար դեպի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան դարպաս հանդիսանալ:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-մինի դամբարան և ծաղկեպսակ դրել դամբարանին: Նախարար Նալբանդյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Վիետնամի անկախության և ազատության համար զոհվածների հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ