ՀՀԿ ԳՄ նոր կազմը
Հանրապետական կուսակցությունում, համամասնական ցուցակին վերաբերող հարցերի հետ միասին, այս օրերին քննարկվում է նաև կուսակցության գործադիր մարմնի նոր կազմի փոփոխության հարցը: Այս մասին գրում է «168 ժամը»: ՀՀԿ-ն իր ԳՄ կազմը հաստատում է 2 տարին մեկ տեղի ունեցող համագումարի ժամանակ: Ըստ թերթի` ՀՀԿ ԳՄ-ից որոշ անդամներ մարտի 10-ի համագումարից հետո դուրս կմնան, որոնց կփոխարինեն նորերը: Թերթի տեղեկություններով` այս անգամ ԳՄ անդամ չի լինի հանրապետությունից բացակայող, ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը:
«Հավանաբար ԳՄ-ն կլքի նաև Բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: Ամենայն հավանականությամբ, նրանց կփոխարինեն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հնարավոր է համարվում նաև, որ այս անգամ ԳՄ անդամ չլինի նաև ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ում առայժմ հարցականի տակ է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հարցը: Չի բացառվում, որ այս անգամ նրանք նույնպես լքեն գործադիր մարմինը, ում փոխարեն կառույցը կհամալրեն ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը և Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀԿ փոխնախագահներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Սահակյանը, ինչպես նաև` ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, հավանաբար, կշարունակեն մնալ ԳՄ անդամ»,- գրում է թերթը: