Ալբերտ Երիցյանը վերանայել է մեծամասնականով առաջադրվելու որոշումը
Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը, ով ընդամենը վերջերս հայտարարել էր մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը թիվ 4 ընտրատարածքում առաջադրելու մասին, ըստ ամենայնի, չի էլ առաջադրվի: Այս կապակցությամբ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան Ալբերտ Երիցյանը որևէ պարզաբանում չտվեց. «Էդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել»։
Չնայած այս պատասխանին, մեր տեղեկություններով նա նման որոշում այնուամենայնիվ կայացրել է, ուստի Ալբերտ Երիցյանից փորձեցինք ճշտել` բոլոր դեպքերում վերջնական որոշում կա՞, թե՞ ոչ:
«Անձնական հարցերով պատրաստ եմ ձեզ օգտակար լինեմ… Ուղղակի ես հիմա չեմ ուզում ոչ մի բանի մեջ մտնել, չեմ ուզում էդ կարգի խոսակցության մեջ լինեմ»,- պատասխանեց նա:
Ենթադրություններ կան, որ Ալբերտ Երիցյանի հետքայլը կարող է պայմանավորված լինել թիվ 4 ընտրատարածքում Արաբկիրի մեկ այլ թաղապետ Հովիկ Շահինյանի առաջադրման հետ: Այս կապակցությամբ մեր ճշտող հարցին ի պատասխան, Ալբերտ Երիցյանը հարցադրեց. «Շահինյան Հովիկը որոշել է, հա՞: Առաջադրվո՞ւմ է: Որտեղ է առաջադրվում, ո՞ր… Կարգին տղայ է, ինչ է եղել, թող դնի: Ես իրեն նորմալ ընդունում եմ, ինքը նորմալ անձնավորություն է: Ինձ թվում է, որտեղ էլ որ իր թեկնածությունը դնի, ինքը հաջողության կհասնի»:
Հիշեցնենք, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվելու իր մտադրության մասին Հովիկ Շահինյանը ասել էր Panorama.am-ին` հույս հայտնելով, որ ՀՀԿ-ն կսատարի իրեն:
Ավելի վաղ Ալբերտ Երիցյանի ու Հովիկ Շահինյանի քաղաքական ուղիները խաչվել էին Արաբկիրի թաղապետի 2008թ. ընտրություններում, որոնցում Ալբերտ Երիցյանն առավելության էր հասել գործող թաղապետի նկատմամբ: Հետագայում, Երևանի կառավարման համակարգի փոփոխություններով պայմանավորված, երբ թաղապետերի ընտրովի ինստիտուտի փոխարեն ներդրվեց վարչական շրջանի ղեկավարի նշանակովի պաշտոնը, Ալբերտ Երիցյանը դադարեց զբաղեցնել իր պաշտոնը:
Հավելենք նաև, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն ունի նաև ԱԺ նախկին պատգամավոր, SAS սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը: