Ա. Ւշխանյան. Իշխանության և հանրության վերաբերմունքը գիտության հանդեպ դեռ բավարար չէ
«Չեմ վախենում ասել, որ վերջին 20 տարիներին իշխանության և հանրության վերաբերմունքը գիտության հանդեպ եղել է անբավարար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը՝ հավելելով, որ եթե Ղարաբաղյան պատերազմի տարիներին, խորհրդային միության փլուզումից հետո հասկանալի էր գիտության ոլորտի ֆինանսավորման կտրուկ անկումը, սակայն ամենևին հասկանալի չէ այն, որ դրան հաջորդած տարիներին ֆինանսավորումը շարունակաբար նվազում էր: «Այսինքն՝ երկնիշ տնտեսական աճ էր գրանցվում, բայց գիտությանը հատկացվող ֆինանսները այդպես էլ չէին ավելանում, այլ հակառակը՝ նվազում էին»,-նշեց Ա.Իշխանյանը:
Ըստ նրա՝ զարգացած երկրներում, եթե գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ում 1 տոկոսից ցածր է, ապա գիտությունը վտանգված է: Սակայն զարգացած երկրներում տվյալ ոլորտի ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ում 2 և ավելի տոկոս, իսկ Հայաստանում՝ 0.25%: «Սա խոսում է իշխանությունների և հանրության վերաբերմունքի մասին: Թեև պաշտոնյանները հայտարարում են, որ գիտությունն է հանդիսանում մեր մտավոր ներուժը, այդուհանդերձ պետք է փաստել, որ գործն ու խոսքը միմյանցից շատ խիստ տարբերվում են»,- նշեց նա:
Ա.Իշխանյանի խոսքերով՝ դա էր պատճառը, որ երիտասարդ գիտնականները նախաձեռնեցին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» շարժումը և դրվեցին խիստ հիմնավորված պահանջներ: Այդ քննարկումները, ըստ նրա, ի վերջո ունեցան լուրջ զարգացումներ: Մասնավորապես՝ հանդիպումներ տեղի ունեցան ՀՀ նախագահի հետ, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների հետ:
Ա.Իշխանյանը բարձր գնահատեց հատկապես հանրապետության նախագահի նախաձեռնությունը, ըստ որի երիտասարդ գիտնականներին ֆինանսական աջակցության նպատակով հատկացվեց 100 մլն դրամ: «Սակայն այդ 100 մլն դրամը կարող է արդյունավետ ծախսվել միայն այն պարագայում, եթե որևէ վարչական ծախս չիրականացվի, եթե չիրականացվեն հարակից ծախսեր»,- ասաց բանախոսը:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խմբի նախաձեռնության անդամ Տիգրան Հարությունյանն էլ նշեց, որ եթե գիտական ծրագրերը արդյունավետ իրականացվեն, ապա ՀՀ նախագահը խոստացել է, որ ֆինանսավորումը շարունակական կլինի:
Նա նշեց, որ ստեղծվել է խորհուրդ, որը գործելու է ռոտացիայի սկզբունքով: Դա նշանակում է, որ 100 մլն դրամի կառավարման համար ստեղծված ղեկավար մարմնի բոլոր անդամները վեց ամիսը մեկ կփոփոխվեն: Բացի այդ առաջարկվում է, որ խորհրդի նիստերը տեսագրվեն և ներկայացվեն հանրության ուշադրությանը:
Տ.Հարությունյանը տեղեկացրեց, որ մշակվել է նախագիծ, որի համաձայն՝ այդ գումարները կտրամադրվեն Հայաստանում կոնֆերանսների կազմակերպման, արտերկրում կոնֆերանսների մասնակցության, գիտական ծրագրերի աջակցության, հայտնի գիտնականների անվան մրցանակների տրամադրման, ինչպես նաև լավագույն աշխատանքերի համար գիտնականներին պարգևատրելու համար: «Այսինքն՝ փոքր գումարներով փորձում ենք ստեղծել որոշակի ավանդույթներ, որպեսզի հետագայում գումարների մեծացման դեպքում այդ ավանդույթը լինի համընդհանուր»,- ասաց Տ.Հարությունյանը:
Այդուհանդերձ, գիտնականները պահանջում են, որ գիտության ոլորտում բյուջետային ֆինանսավորումը հասնի ՀՆԱ-ում 1%-ի: Երկրորդ կարևորագույն խնդիրը համարում են մասնավոր հատվածի ներգրավումը ոլորտում: «Ամբողջ աշխարհում մասնավոր ընկերությունները մեծ գումարներ են հատկացնում գիտության ոլորտին և կոչ ենք անում մասնավոր հատվածին՝ աջակցել մտավոր ներուժի զարգացմանը»,- ասացին գիտնականները:
Նշվեց նաև, որ 2012թ-ին պետական բյուջեով գիտության ոլորտին հատկացվել է 10,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 900 մլն դրամով ավելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին