«Շուշի» հիմնադրամը պատրաստվում է միջազգային դատարան դիմել` դատի տալ ադրբեջանական իշխանություններին
«Շուշի» հիմնադրամը պատրաստվում է միջազգային դատարան դիմել` ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության կանչել Խոջալուի դեպքերի վերաբերյալ բացահայտ կեղծիքի և միջազգային հասարակությանը մոլորեցնելու համար:
Պատասխանատվության պետք է ենթարկվեն նաև Մարաղայի ոճրագործությունների համար: Այս մասին ասուլիսում ասաց հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը: «Թող ադրբեջանական կողմն էլ դատի տա ու պարզեն, թե ովքեր են Խոջալուի դեպքերի իրական պատասխանատուները: Ադրբեջանական քարոզչությունը, դիմելով բացահայտ կեղծիքի, քաղաքակիրթ աշխարհին Խոջալուի բնակչության հետ պատահած դեպքերը բարդելով հայկական կողմի վրա, ձգտում է այն հավասարեցնել 1915 թվականի եղեռնին ու Հոլոքստին: Խոջալուի աղմուկով Բաքուն փորձում է քողարկել նաև Մարաղայի հայերի նկատմամբ եղեռնագործությունը»,- ասաց Բ. Կարապետյանը:
Ականատես, հետախուզական խմբի հրամանատար Վլադիմիր Վարդանովը ներկայացրեց ամբողջ իրականությունը, ապա նշեց. «Մեծ տրագեդիա է եղել, բայց մենք մասնակից չենք եղել: Դրդապատճառ ունեինք, բայց այդ սպանությունները տեղի են ունեցել ադրբեջանական երկու պոստերի կողմից իրականացված ռազմական գործողության արդյունքում»,- նշեց ականատեսը:
Ըստ նրա, ադրբեջանցիները փորձում են իրենց «բացահայտ մինուսը պլյուս դարձնել»: