Ալյուրը թանկացել է մոտ 9%-ով
Հայաստանի ալյուրի շուկայում գնային բարձրացումներ կան: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը` ընդգծելով, որ Հանձնաժողովը մայրաքաղաքի խոշոր խանութներում և շուկաներում իրականացրած ամենօրյա մոնիթորինգի արդյուքնում պարզել է, որ ալյուրի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Գրիգ» և «Մանանա գրեյն» ընկերությունները ալյուրը թանկացրել են մոտ 9%-ով:
Ըստ Գ.Սահակյանի՝ Հանձնաժողովի վերլուծական խմբի մասնագետները ուսումնասիրել են միջազգային շուկայի զարգացումները և պարզել, որ ցորենի շուկայում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 25% գնաճ. եթե ցորենի գինը հունվարին կազմում էր 210 դոլար, ապա փետրվարին՝ 280 դոլար: Նշվեց նաև, որ միջազգային շուկայում ցորենի գինն այսօր 5 դոլարով նվազել է:
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը նշեց, որ սա նաև սեզոնային բնույթ է կրում: Անցած տարի հունվար-փետրվարին նույնպես որոշակի գնաճ է նկատվել:
«Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Հայաստանում գնաճը համահունչ չէ միջազգային շուկայի գներին»,- ասաց Գ.Սահակյանը:
Նա նաև հայտնեց, որ Հանձնաժողովը տնտեսվարողներին զգուշացրել է, որ նախկինում անհամեմատ ցածր գներով ձեռքբերած խմբաքանակը չվաճառեն ներկայիս գներով:
Ինչ վերաբերում է հացի գների թանկացմանը, ապա Գ.Սահակյանը նշեց, որ բացի Գյումրիից, հացի գնի թանկացում ոչ մի տեղ չի արձանագրվել, թեժ գծով էլ բողոքներ չեն ստացվել, Հանձնաժողովի մոնիթորինգի խումբն էլ ոչ մի տեղ հացի գնի թանկացում չի արձանագրել:
«Միգուցե տնտեսվարողները իրենց շահույթի նվազեցման հաշվին փորձում են պահպանել նախկին գները, այդուհանդերձ հացի շուկայում գները բավականին կայուն են»,-ընդգծեց ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը:
Գ.Սահակյանը միաժամանակ նշեց, որ հացի շուկայում Հանձնաժողովը վերահսկողություն իրականացնելու լիազորություն չունի, այստեղ հազարավոր տնտեսվարողներ կան, իսկ Հանձնաժողովը ուսումնասիրություններ անցկացնելու իրավասություն ունի միայն գերիշխող դիրք ունեցող ունեցող շուկաներում: Հետևաբար ՏՄՊՊՀ-ն չի կարող որևէ գործողություն ձեռնարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում