Հայկական թիմը` «Բակուրիանի 2012» արտաճանապարհային մեքենաների վարման միջազգային մրցույթի հաղթող
Հայաստանը ներկայացնող 8 թիմ մասնակցեց ձմեռային պայմաններում արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթին, փետրվարի 24-ից 26-ը: Վրացական Բակուրիանի բնակավայրում «Jeep-Trial» դասի ավտոմոբիլային մրցումներն անցկացվեցին «Standart», «Extreme» և «Monster» անվանակարգերում:
Ընդհանուր առմամբ` մրցույթին մասնակցեց 38 թիմ Հայաստանից, Ավստրիայից, Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից: Հայաստանյան թիմերը մասնակցեցին այս մրցույթին էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի և «ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline) ընկերության աջակցության շնորհիվ:
«Standart» անվանակարգում առաջին տեղը գրավեց Գարի Գասպարյանը, ով հանդես եկավ «Mitsubishi Pajero» 3 մեքենայով: «Extreme» դասում լավագույն վարորդը Հայաստանից Լյուդվիգ Երմազյանն էր, ով այս մրցույթին մասնակցեց «Jeep Wrangler» մակնիշի մեքենայով` 24 թիմերի մեջ գրավելով չորրորդ տեղը: Մնացած բոլոր մրցանակային տեղերը գրավեցին Վրաստանի թիմերը:
«Jeep-Trial» դասի մրցույթները դժվար փորձություն են ոչ միայն մարդկանց, այլ նաև մեքենաների համար: Հաշվի առնելով այս ամենը` կարելի է ասել, որ մեր ավտոսիրահարների «հավաքականը» ցուցաբերեց մեծ վարպետություն ինչպես մեքենաների վարման, այնպես էլ մրցույթին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներում»,- նշեց «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
«Սա մեր վարորդների առաջին հաջողությունն է նման մասշտաբի միջազգային մրցույթում: Ես շատ ուրախ եմ, որ մեր աջակցությամբ «Ադրենալին» ասոցիացիան կատարեց ևս մեկ լուրջ քայլ միջազգային ասպարեզում` հայ մարզիկների դիրքի ամրապնդման գործում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2012 թ.-ին «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենն ընտրվել է «Ադրենալին» էքստրեմալ սպորտի Ասոցիացիայի պատվավոր նախագահ:
«Jeep-Trial»-ն ավտոմոբիլային մրցում է բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհի վրա: Այս մրցությունը կարող է անցկացվել «Standart», «Extreme» և «Monster» անվանակարգերում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում