Նախարարություն. Օրենսդրական փոփոխությունները չեն հանգեցրել գրքի գների թանկացմանը
ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ մշակույթի նախարարության ղեկավարները հանդիպել են հրատարակիչների և գիրք տարածողների ազգային ասոցիացիաների անդամների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հրավիրվածներին հանգամանորեն ներկայացրել է գրքի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն առնչվող հարցերը, հայտնում են ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես հստակ նշվել է, որ 2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ չի կատարվել հրատարակչական ոլորտին կամ գրքերի առք ու վաճառքի ոլորտին վերաբերող որևէ փոփոխություն, որը կարող էր հանգեցնել հրատարակչական գործունեությամբ կամ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի ավելացմանը, հետևաբար նաև գրքերի վաճառքի գների բարձրացմանը:
2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ` մասնավորապես «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքում, կատարվել են ընդհանուր նշանակության օրենսդրական փոփոխություններ` կապված միջնորդական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մասով հարկային պարտավորությունների հաշվարկման մոտեցումների հետ: Սակայն նշյալ փոփոխությունների արդյունքում «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթների ճիշտ կիրառության պարագայում ինչպես հրատարակչական գործունեությամբ, այնպես էլ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ստիպված չեն լինի վճարել որևէ լրացուցիչ հարկ:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն մասին, որ գործող օրենքում առկա վերոնշյալ կարգավորումների մասին հրատարակիչների և գիրք տարածողների ազգային ասոցիացիաներին կտրամադրվի պաշտոնական պարզաբանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա