Ծննդկանի սիրտն է կանգնել կեսարյանի ժամանակ, երեխային չի հաջողվել փրկել. Հարուցվել է քրգործ
Աբովյանի ծննդատանը կեսարյան հատման ժամանակ 27-ամյա ծննդկան Ֆլորա Աբգարյանի մահվան կապակցությամբ Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ նյութեր են նախապատրաստվում:
Մեզ հետ զրույցում Աբովյանի ծննդատան տնօրեն Լարիսա Մադոյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին: «Հիվանդին վերցրել ենք վիրահատության ժամը 13:00-ին և աղջկա մոտ սրտի կանգ է առաջացել: Անմիջապես կանչել ենք րեանիմացիոն բրիգադաներին ու տեղյակ են պահվել առողջապահության նախարարն ու համապատասխան մասնագետները: Մինչև ժամը 3-ը վերականգնողական միջոցառումները շարունակվել են, բայց նրան փրկել չհաջողվեց», -ներկայացրեց տիկին Մադոյանը:
Նա չի շտապում ենթադրություններ անել և ասում է, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները բոլոր հարցերի պատասխանները կտան:
27-ամյա Ֆլորան ուներ մեկ երեխա, որը նույնպես կեսարյան հատման արդյունքում է ծնվել: Այս հղիության 38 շաբաթների ընթացքում, որպես հղի, հաշվառված է եղել Աբովյանի ծննդատանը և բժշկական խորհրդատվություն այստեղ ստացել է իր ընտրած մասնագետի մոտ:
«Նա եղել է մեր կանանց կոնսուլտացիայում հսկողության տակ, երկրորդ կեսարյան հատումն էր, երկրորդ երեխան էր: Նրան հսկել է իր նախընտրած բժիշկը: Մեր բժիշկները շատ փորձառու են և 20-30 տարի վիրահատող բժիշկներ», -նշեց տիկին Մադոյանը:
Բժիշկները չեն կարողացել փրկել նաև նորածնին: «Նորիածինը ծնվեց ծայրահեղ ծանր վիճակում, հատուկենտ սրտի զարկերով: Ոչինչ անել հնարավոր չի եղել», ասաց ծննդատան ղեկավարը:
Աբովյանի ծննդատնից ստացված տեղեկության հետքերով Առողջապահության նախարարությունում նախարար Քուշկյանի հրամանով ծննդատուն են մեկնել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, Կոտայքի մարզպետարանի վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի և «Մուրացան» մանկական կլինիկայի անհետաձգելի բուժօգնության ծառայության անձնակազմերը:
Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որը ղեկավարում է փոխնախարար Վահան Պողոսյանը, այժմ ուսումնասիրում է ծննդատանը հաշվառված կնոջ առողջության մասին փաստաթղթերն ու ցուցումները:
Փետրվարի 27-ին առողջապահության նախարարի հրամանով, դեպքի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով է ստեղծվել, որը առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ տեղում ուսումնասիրություններ է իրականացրել կազմակերպչական խնդիրներ և այլ հանգամանքներ պարզելու համար: «Մի քանի ժամվա ընթացքում կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք արդյունք չեն տվել և գրանցվել է մահ: Այժմ ուսումնասիրվում են բոլոր հանգամանքները», -մեզ հետ զրույցում փոխանցեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Եվ Պողոսյանը, և Մադոյանը չեն բացառում, որ ծննդկանի մահը բժիշկների աշխատանքային թերացման պատճառ լինի: «Ոչինչ չեմ բացառում, քանի որ ուսումնասիրություն է կատարվում. Բոլոր հանգամանքները պետք է ուսումնասիրվեն` ծննդկանի` առաջին անգամ բուժհիմնարկում գրանցվելուց, հսկումից մինչև ծննդալուծումը», -նկատեց փոխնախարար Պողոսյանը:
Քրեական օրենսգրքի այս հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում