ՀԱԿ-ը կրկին պատրաստ է սադրանքների՞
Անդրադառնալով մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 4-րդ տարելիցին` «Голос Армении»-ն մեջբերում է ՀՀ ազգային անվտանգության քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հիշեցումն առ այն, որ 2008թ-ի մարտի 1-ին մարդկանց բերեցին քաղաքապետարանին հարող տարածք և լքեցին, իսկ կատարվածի համար պատասխանատվությունը շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խղճին է:
Թերթը նկատում է, որ այսօր` ողբերգական իրադարձություններից 4 տարի անց, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը սպառնում է. «Մենք պատրաստ ենք կռիվ տալ յուրաքանչյուր ընտրատեղամասում»: «Նրանք նորից պատրաստվում են կռվի»,-նկատում է թերթը:
«Ժամանակն է հիշեցնել, որ 2008թ-ի մարտի 1-ին երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընդդիմության առաջնորդը լքեց իր կողմնակիցներին` պատճառաբանելով տնային կալանքը»,-գրում է «ГА»-ն` նշելով, որ ինչպես պարզվեց հետո` ոչ մի կալանք էլ իրականում չի եղել, պարզապես ԼՏՊ-ն վախեցել է իր անվտանգության համար: «Մինչև 2008թ-ի մարտի 1-ը ընդդիմության առաջնորդներն ու ակտիվիստները միշտ քայլել են առաջին շարքերում և իրենց վրա են վերցրել հարվածը: 2008թ-ի մարտի 1-ին շարժման առաջնորդներն ու ակտիվիստները թաքնվեցին հասարակ մարդկանց թիկունքում»,-գրում է թերթը: