Anonymous-ը շարքից հանել է Ինտերպոլի կայքէջը
Anonymous հաքերական խումբը, ի պատասխան այսօր առավոտյան իր անդամների ձերբակալությունների, շարքից հանել է Ինտերպոլի պաշտոնական կայքէջը: «Forbes»-ի հաղորդմամբ, միջազգային ոստիկանության կայքը ենթարկվել է DdoS լայնածավալ հարձակումների և մոտ 20-ից 30 րոպե անհասանելի է եղել: Դրանից հետո, ինչպես նշվում է, կայքն աշխատել է տեխնիկական ընդհատումներով:
Հիշեցնենք, այսօր առավոտյան հաղորդվել էր, թե Չիլիի, Արգենտինայի, Կոլումբիայի և Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Anonymous հաքերական խմբի 25 անդամների: Տեղեկատվության համաձայն, ձերբակալվածները 25-ից 40 տարեկան են եղել, որոնց մոտ առգրավվել էին բջջային և ցանցային սարքավորումների 250 միավոր:
Իսպանական ոստիկանության հաղոդագրության համաձայն, ձերբակալվածների մեջ եղել է մեկ անչափահաս:Մեկ ձերբակալված էլ եղել է Իսպանիայում և Լատինական Ամերիկայում հաքերական հարձակումների համակարգողը:
Հաղորդվում էր, թե ձերբակալությունների իրականացման ողջ գործողությունը համակարգվել էր Ինտերպոլի կողմից և հետևել էր կոլումբիական և չիլիական կառավարական կայքերի վրա հարձակումներից հետո: