Իրանական կայք. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում շուրջ 1.5 միլիոն հայ է նահատակվել
1914-1916թթ. Օսմանյան Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում շուրջ 1.5 միլիոն հայ է նահատակվել:
Այդ մասին նշված է իրանական «փարսինե.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը նախ` անդրադառնում է Արևտյան Հայաստանում մինչև ցեղասպանությունը տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին, նշում է, որ 19-րդ երկրորդ կեսին Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում շուրջ երեք միլիոն հայ էր ապրում, որոնց վիճակը 19-րդ դարի վերջում ավելի է ծանրանում. այնուհետև ներկայացվում է 1890-1892թթ. Սասունի, 1896թ. Ստամբուլի, 1902թ. Ադանայի հայերի նկատմամբ տեղի ունեցած կոտորածները, որոնց ընթացքում շուրջ 300 000 հայ է սպանվում:
Անդրադառնալով առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած կոտորածներին` Մոնա Դորանին նշում է, որ թուրքական իշխանությունը պատերազմի պատրվակով 16-52 տարեկան հայ տղամարդկանց հավաքագրում և զորակոչում է բանակ, որից հետո էլ առանձին-առանձին նրանց ոչնչացնում է: Իսկ արդեն 1915թ. տեղի է ունենում հայերի զանգվածային բռնագաղթը դեպի Սիրիայի և Միջագետքի անապատներ:
Հոդվածագիրը, անդրադառնալով Օսմանյան Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների` ցեղասպանության իրագործմանն առնչվող հրամաններին, գրում է. «Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան իր կողմից արձակված հրամաններում կարգադրել է, որ բոլոր հայերը պետք է ոչնչացվեն, նույնիսկ երեխաներին չպետք է կարեկցել: Այսպիսով թուրքերը նախ սպանում են հայ մտավորականներին, իսկ այնուհետև անպաշտպան բնակչությանը կենդանի-կենդանի այրում իրենց բնակարաններում, իսկ երեխաներին ու մանկահասակ աղջիկներին սպանում, կամ գցում են գետը»:
«Այսպիսով Արևմտյան Հայաստանում 1914-1916թթ. Թուրքիայի բարձրագույն իշխանության (պաշտպանության և ներքին գործերի նախարարներ) կողմից իրականացված ցեղասպանության արդյունքում շուրջ մեկ ու կես միլիոն հայ է նահատակվել»,-եզրափակում է հոդվածի հեղինակը: