Վարչապետ. Առկա է ՀՀ Նախագահի հանձնարարականը` Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար
Մատենադարանում երեկ ճարտարապետների հետ հանդիպմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մաշտոցի այգում մշտական տաղավարներ չեն տեղադրվելու և դրանք տեղափոխելու են:
«Առկա է ՀՀ Նախագահի հանձնարարականը` Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնելու համար: «Այդ ծրագիրը պետք է հաստատվի նաև կառավարության կողմից, որպեսզի վստահություն լինի քաղաքացիների մոտ, որ այդ խնդիրը կլուծվի»,-ՀՀԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է վարչապետը:
«Ես, ընդհանրապես, մշտական տաղավարների տեղադարմանը դեմ եմ, և ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երևանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր և ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարությոն»,- ասել է վարչապետը:
Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անվանի ճարտարապետներ` Արթուր Մեսչյանը, Հրաչյա Պողոսյանը, Լևոն Իգիթյանը և այլք:
Հանդիպմանը ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել ճարտարապետների միության հետ, գտնել մայրաքաղաքում առկա խնդիրների լուծումները: «Համոզված եմ, որ Ձեզ հետ համագործակցության արդյունքում կտեսնենք այն Երևանը, որը ցանկանում ենք տեսնել: Երևանը պետք է լինի հարմարավետ մեր քաղաքացիների, բնակիչների համար»,- ասել է քաղաքապետը:
Աղբյուրի փոխանցմամբ, Արթուր Մեսչյանի խոսքով`պետք է ճարտարապետների միության շրջանակներում քննարկումներով հասկանալ, թե ինչպիսի շինարարություն կարելի է իրականացնել, ինչպիսին` ոչ: «Ուրախ կլինեի, որպեսզի նման քննարկումները ռազմավարության մշակման հիմք հանդիսանային: Մենք` ճարտարապետներս, պետք է հասկանանք, ինչ ենք ուզում և ովքեր ենք մենք: Միայն միասին կարող ենք հասնել որոշակի նպատակների»,- ասել է Մեսչյանը:
Ամփոփելով հանդիպումը` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Երևանի ապագան, ճարտարապետական տեսքն առաջնային խնդիր է: «Մենք առկա խնդիրներին պարտավոր ենք առաջարկել ժամանակակից լուծումներ: Դուք պետք է լինեք Երևանի ապագայի վերաբերյալ որոշումների կայացման մասնակիցը: Պարտադիր է, որպեսզի բոլորի կարծիքը հնչի, ինչը քաղաքացիական հասարակության կարևորագույն էլեմենտներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա