Հայտնի են Մաշտոցի պուրակում հող վարձակալածների անունները
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»` Մաշտոցի պուրակում հողահատկացումների վերաբերյալ հարցերին քաղաքապետարանը, ըստ կենտրոնի, սպառիչ պատասխաններ է տվել` ներկայացնելով նաև 28 էջ փաստաթղթեր:
Հրապարակած պատասխաններից ու փաստաթղթերից պարզվում է, որ Մաշտոցի պուրակում վարձակալության հիմունքով հողատարածքներ հիմնականում հատկացվել են Ռոբերտ Նազարյանի և Երվանդ Զախարյանի քաղաքապետ եղած ժամանակ:
Քաղաքապետարանի պատասխանում նշված է, թե Մաշտոցի պողոտայի հ 22/1 հասցեի զբոսայգում հողահատկացումները կատարվել են առևտրի տաղավարներ տեղադրելու և սրճարաններ կառուցելու նպատակով: Քաղաքապետարանից նաև հաստատել են բնապահպանների այն դժգոհությունը, թե դրանց վերաբերյալ հանրային լսումներ չեն կազմակերպվել, քանի որ «հանրային քննարկման անհրաժեշտությունը բացակայել է»: Քաղաքապետարանի պատասխանում նաև նշվում է, որ հիշյալ տարածքը նախ եղել է պետական սեփականություն, ապա կառավարության 15.05.2003թ. որոշմամբ ու Երևանի քաղաքապետի 16.07.2003թ որոշմամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին, տարածքը ներկայում համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգի է:
Այգու տարածքում վարձակալությամբ տարբեր մակերեսներով հաղատարածքներ հատկացվել են Նորիկ Հակոբյանին (2002թ, 200 քմ, 15 տարի ժամկետով), «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին (նախ` 2001 թ, 36 քմ, 5 տարի ժամկետով, ապա 2002-ին տարածքն ընդլայնվել է` հասնելով 350 քմ-ի, իսկ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի ժամկետով): Այս ընկերության վերաբերյալ նշվում է, որ 2006-ին տրվել է շինարարության թույլտվություն, ապա 2011-ին, արդեն քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք` դեկտեմբերի 15-ին «Կենտրոն Կանաչապատում» ընկերությանը տրվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվություն:
Պուրակի տարածքում վարձակալած տարածք ունի նաև անհատ ձեռնարկատեր համարվող Աղասի Տեր-Եսայանը: Նրան Նազարյանի օրոք` 2002-ին, տրամադրվել է 20 քմ տարածք, 5 տարի ժամկետով /պայմանգրի ժամկետը պետք է որ ավարտված լինի, սակայն քաղաքապետարանի պատասխանում նշում չկա այդ մասին/:
Զինա Վարդանյան անունով կինը Զախարյանի օրոք` 2005-ին վարձակալել է 115 քմ տարածք, 22 տարի ժամկետով, ՄԴուբրավա» ՍՊԸ-ի վերաբերյալ երկու որոշում կա, երկուսն էլ 2003-ին` Նազարյանի օրոք: Երկու տարբեր որոշումներով ընկերությանը հատկացվել է նախ 20 քմ, ապա 150 քմ տարածք, 15 տարի ժամկետով: «Արտակ Հարությունյան» ԱՁ-ին` Նազարյանի օրոք` 2001-ին հատկացվել է 12.56 քմ տարածք 5 տարի ժամկետով: Ըստ ներկյաացված փաստաթղերի, Ա. Հարությունյանը վարձակալել է ևս 3 12.56 քմ մակերեսոց տարածք, ոից երկուսը Աբովյան փողոցում, մեկը` Բաղրամյան-Մաշտոցի պողոտա հատման հարակից այգում:
Կենտրոնի այն հարցին, թե հաշվի առնվել է «Քաղաքաշինություն. հատակագծում և կառուցապատում քաղաքային և գյուղական բնակավայրերի» ՍՆԻՊ 2.07.01-89 -ի 4.12 կետի 4-րդ աղյուսակի կանոնը (քաղաքաշինական նորմը), ըստ որի շինության արտաքին պատը ծառի բնից պետք է հեռու լինի 5 մետր, քաղաքապետարանից պատասխանել են, թե այդ պահանջները վերաբերում են հիմնական շինությունների կառուցման աշխատանքներին, մինչդեռ տվյալ դեպքում իրականացվում են ընդամենը ոչ հիմնական շինությունների տեղադրում:
ԻԱԿ-ի հարցերին ու պատասխաններին առավել մարմասան կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա