ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Իրանը Նախիջևանի նկատմամբ պետք է վերանայի իր քաղաքականությունը
Իրանը Նախիջևանի նկատմամբ պետք է վերանայի իր քաղաքականությունը:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին:
Համաձայն տեղեկատվության` իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Իսրայելի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրին, մասնավորապես, ընդգծել է. «Սա Բաքվի և Թել Ավիվի միջև կնքված միակ պայմանագիրը չէ, ավելին, այդ համատեքստում Ադրբեջանը վերածվել է Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիների կենտրոնի»:
Շարունակելով թեման` Հոսեյն Էբրահիմին նախազգուշացրել է, որ եթե Ադրբեջանը շարունակի ներկայում իրականացվող իր քաղաքականությունը, ապա Իրանը դրանք չեզոքացնելու համար կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկյան «Վաշինգթոն փոստ» պարբերականին, տեղեկացրեց, որ Իսրայելն Ադրբեջանին 1.6 միլիարդ դոլարի ժամանակակից զինտեխնիկա կտրամադրի:
Հավելենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, օրերս անդրառնալով նախիջևանյան թեմային և Ադրբեջանի իշխանությունների վարած հակաիրանական քաղաքականությունը, գրել էր. «20 տարի առաջ, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հակամարտության արդյունքում Ադրբեջանի կապն ընդհատվեց Նախիջևանից, Իրանի տարածքով օրական հարյուրավոր բեռնատարներ և ավտոբուսներ են շարժվում դեպի Նախիջևան, ինչի արդյունքում էլ այդ տարածքը զերծ է մնում հումանիտար աղետից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում