Երթ դեպի Ծիծեռնակաբերդ. Ոգեկոչում են սումգայիթյան զոհերի հիշատակը
Հայաստանյան 12 հասարակական կազմակերպություններ Մարզահամերգային համալիրի մոտից քիչ առաջ երթով շարժվեցին դեպի Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ. իրականացրած Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի բարձունք: Սրա հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի կողմից 1988-ին Սումգայիթ քաղաքում ապրող հայերի նկատմամբ պետական մակարդակով իրականացրած ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարը:
Սգո երթի մասնակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշաքարի մոտ: Երթի նախաձեռնողը «Ահազանգ» ՀԿ-ն էր, իսկ ակցիային միացան նաև կոտորածները վերապրած մարդիկ ու նրանց ընտանիքի անդամներ:
Երթի մասնակիցները լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ մինչ օրս սումգայիթյան զոհերի հիշատակի օր պետական մակարդակով ամրագրված չէ: Երթի մասնակիցներից Հրայր Ուլուբաբյանը էլ դժգոհեց, որ ԱԺ-ն մինչ օրս համապատասխան գնահատական չի տվել Սումգայիթյան դեպքերին, իսկ առանց այդ գնահատականի հնարավոր չէ գտնել նաև արցախյան հիմնահարցի հանգուցալուծումը:
«Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ոճրագործությունը պետք է որակվի Ցեղասպանություն, և միջազգային հանրությանը ներկայացվի, որ Արցախի հայությունը երբևէ չի կարող ապրել այն երկրի տարածքում, որն իր ազգակիցների նկատմամբ նման ոճրագործություն է իրականացրել»,-ասաց նա:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները