Կամանդուշչին «Radisson Royal Moscow»-ում է
Երեկ «ՀԺ»-ն զանգահարել էր Մոսկվայի «Radisson Royal Moscow Hotel»` պարզելու Սամվել Բաբայանն այդ հյուրանոցո՞ւմ է: Համալիրից պատասխանել էին, թե իրենց մոտ այդպիսի անուն-ազգանունով մարդ չկա ու չի էլ եղել:
«Ժողովուրդ»-ը, ինչպես մի քանի օր առաջ, այնպես էլ հիմա նորից պնդում է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հենց այդ հյուրանոցում է, սակայն սենյակ է վարձակալել ոչ իր անունով: «Քանի որ շատ մարդիկ Հայաստանում նրան են փնտրում, բնական է, որ Բաբայանը չէր կարող իր անունով սենյակ պատվիրել»,- գրում է թերթը ու նաեւ ավելացնում, որ Հայաստանից մեկնող իր սիրելի հյուրերի հետ Բաբայանը հենց այդ հյուրանոցում է հանդիպում:
«Մոսկվայում հայկական շրջանակներին ևս հայտնի է, որ «կամանդուշչին» այնտեղ է: Պարզապես առայժմ չենք հրապարակում Բաբայանի հետ հանդիպում ունեցած մարդկանց անունները, որպեսզի նրա պարտքատերերը չգնան ու այդ մարդկանց վատ դրության մեջ չդնեն»,-գրում է թերթը: