Bianet. Ֆաշիզմի միջոցով հանցագործություն դատապարտելու պարադոքս` Թուրքիայում
Թուրքական «Bianet» լրատվական կայքի սյունակագիր Հուսեյն Շենգյուլն իր հոդվածում անդրադարձել է փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված հանրահավաքին, որը նվիրված էր Խոջալուի դեպքերի 20-ամյա տարելիցին:
«Թաքսիմում տեղի ունեցածը պարադոքս է: Կա' աշխարհում մեկ այլ նման օրինակ, չգիտեմ, բայց մարդկության դեմ ուղղված հանցագործությունը ռասիստական կարգախոսերով, ֆաշիստական ելույթներով դատապարտելու պարադոքսն ու առաջին օրինակը թերևս մեր երկրում արձանագրվեց»,- գրում է Շենգյուլը` ընդգծելով, որ այդ հանրահավաքի համար Խոջալուն ընդամենը պատրվակ էր: Իրականում պետության աջակցությամբ ու պատեհ առիթի օգտագործմամբ Թաքսիմում մոլեգնեց այլատյաց ազգայնամոլությունը: Թուրք հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում ցույցի ժամանակ օգտագործված պաստառների և հնչեցված կարգախոսերի վրա` դրանք որակելով ֆաշիզմի դրսևորումներ.
Այսօր Թաքսիմում, վաղը` Երևանում:
Բոլորս թուրք ենք, բոլորդ` բիճ:
Գորշ գայլ Օգյուն (Դինքի սպանությունը կատարողը` Օգյուն Սամասթ):
«Ֆաշիզմի միջոցով չի կարելի դատապարտել մարդկության դեմ ուղղված հանցագործությունը, քանի որ ֆաշիզմն ինքնին հանցագործություն է: Կոտորածի անվան տակ կազմակերպված ռասիստական ագրեսիայով ցույցի մասնակիցները, փաստորեն թշնամություն ու ատելություն հրահրելով հենց իրենք հանցանք գործեցին»,- նկատել է տալիս Հուսեյն Շենգյուլը: