ՀԱԿ-ը զիջում է իր դիրքերը
Անդրադառնալով այսօր Մարտի 1-ի 4-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք ՀԱԿ հանրահավաքին` «Голос Армении»-ն նշում է, որ իշխանություններից մանդատներ ստանալու Տեր-Պետրոսյանի քողարկված փորձից հետո ազատ ընտրությունների անցկացման մասին ՀԱԿ-ի «ռազմատենչ» հայտարարություններն ամենաքիչը զավեշտալի են:
Թերթը նկատում է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում հայաստանյան հասարակությունը էական փոփոխություններ է ապրել, ինչի արդյունքում Կոնգրեսը կորցրել է իր լսարանի մեծ մասը: «Նույնիսկ ծայրահեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող ընտրազանգվածն արդեն սկսել է գիտակցել, որ ՀԱԿ-ը ապակառուցողական ուժ է և փողոցային անկարգություններից ու սադրանքներից բացի, ոչ մի կառուցողական բան չի կարող առաջարկել: Մարդիկ հասկանում են, որ իրենց պետք է սոցիալ-տնտեսական ապահովություն և կայուն երկիր, ոչ թե Թատերական հրապարակի բեմահարթակից հնչող դատարկ կոչեր»,-գրում է թերթը:
Հոդվածագիրը նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը վաղուց արդեն դադարել է ընդդիմադիր զանգվածի ֆավորիտը լինելուց, ըստ թերթի` ընտրությունների հիմնական ինտրիգն ու մրցակցությունը լինելու է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, այլ ոչ թե` ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի: