Վ. Գուլուզադե. Ադրբեջանի թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ձգձգումն Ադրբեջանի օգտին է: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն «faktxeber.com»-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով` Ադրբեջանի թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, որը 1990-ականներին ցանկանում էր վերացնել Ադրբեջանը որպես պետություն և միայն ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի անկախության ճանաչումն է փրկել իրավիճակը:
«Ռուսաստանը միջուկային զենք ունեցող երկիր է: ՄԱԿ-ի որևէ բանաձև Ռուսաստանի շահերին հակասելու դեպքում անհնար է լինում իրագործել, քանի որ հակառակ դեպքում, անխուսափելի է դառնում երրորդ համաշխարհային և միջուկային պատերազմը: Արևմուտքը միջուկային պատերազմ չի ցանկանում, և այդ պատճառով էլ կոչ է անում Ադրբեջանին զուսպ լինել: Լեռնային Ղարաբաղի շուրջ տարվող բանակցությունները և դրա հետ միասին Ռուսաստանի փլուզումը պատճառ կդառնան Ադրբեջանի տարածքային ամբողջակության վերականգմանը:
Բանակցությունների ձգձգումը ոչ թե վնաս, այլ օգուտ է Ադրբեջանին, քանի որ այդ բոլոր բանակցությունները հնարավոր համաշխարհային պատերազմը կանխելու իմիտացիոն բնույթ է կրում»,- ասել է նա: