Տիգրան Հակոբյանն ազատության մեջ է դատախազության որոշմամբ (լրացված)
«Արմենպրեսի» նախկին տնօրեն, Հայաստանում ճանաչված լրագրող Տիգրան Հակոբյանը, որը մեղադրվում էր խոշոր չափի յուրացումներ կատարելու համար, րոպեներ առաջ ազատ է արձակվել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Տիգրան Հակոբյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Կալանքի ավարտի ժամկետը մոտենում էր և այն երկարացնելու հիմքեր չգտավ նախաքննական մարմինը, այդ պատճառով էլ այն չերկարացվեց», -հավելեց Ալումյանը` նշելով, որ Տիգրան Հակոբյանն ազատ է արձակվել Հայաստանից ստորագրությամբ:
Այնուհետև Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Տիգրան Հակոբյանի կալանքը փոխվել է դատախզության որոշմամբ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
«Հակոբյանի կողմից հափշտակված գումարներից 10 մլն-ը վերականգնվել է, ինչպես նաև, նա պատրաստակամություն է հայտնել ազատության մեջ գտնվելով վերականգնել գումարները: Բնութագրվում է դրական: Ունի սրտամկանի կրկնակի ինֆարկտ, որի պատճառով վիրահատվել է, ունի մշտական բուժման ու բժշկական հսկողության կարիք», -փոխանցեց Տռուզյանը նշելով, որ այս ամենը հիմք են հանդիսացել, որ Դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյանը որոշել է կալանքից ազատել Տիգրան Հակոբյանին:
Ավելի վաղ Panorama.am-ին տված հարցազրույցում փաստաբանն ասել էր, որ Տիգրան Հակոբյանի պաշտպանական կողմը «մեծածավալ փաստաթուղթ» է ներկայացրել նախաքննական մարմին, որտեղ ներկայացված է` երբ, ինչի համար և ինչպես է ծախսվել գումարը, որը վատնելու համար էլ նա մեղադրվում է:
Նշենք, որ Տիգրան Հակոբյանը հասարակայնության հետ կապերի կառավարման ոլորտի ճանաչված մասնագետներից է, նախկինում զբաղեցրել է «Հայք» թերթի գլխավոր խմբագրի, Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահի, Արմենպրեսի տնօրենի պաշտոնները: Նա մեղադրվում է ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» հատկանիշներով: Տիգրան Հակոբյանի հետ միասին նույն մեղադրանքն է առաջադրվել նաև Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդի մամլո խոսնակ Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, որը այժմ հետախուզման մեջ է:
Նախորդող հրապարակում. «Խորապես մոլորության մեջ են». Փաստաբանը` Տիգրան Հակոբյանին կալանավորելու մասին