Տավուշի մարզի և Երևանի շուրջ երեք տասնյակ դպրոցների աշակերտները և ուսուցիչները` ԱԺ-ում
ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հյուրընկալել էր Տավուշի մարզի և Երևանի շուրջ երեք տասնյակ դպրոցների աշակերտների և ուսուցիչների: ԱԺ նախագահի հետ աշակերտների հանդիպումը նախաձեռնել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մինչ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումը` աշակերտները հետևել էին ԱԺ նիստին և ականատես եղել քննարկումներին` կապված օրինագծերի քվեարկությունների հետ, ինչի վերաբերյալ հանդիպման ժամանակ պարզաբանումներ է տվել ԱԺ նախագահը:
Ողջունելով աշակերտների այցը խորհրդարան` Սամվել Նիկոյանը նշել է, որ աշակերտների և ուսանողների հետ նման հանդիպումները օգտակար են, քանի որ վերջիններիս հուզող հարցերը վերաբերում են երիտասարդներին ու նրանց ապագային, բացի այդ` նրանք օրենսդիրների աշխատանքին հետևելու, ինքնարտահայտվելու, գիտելիքները զարգացնելու հնարավորություն են ստանում:
Ջերմ և անկեղծ զրույցի ընթացքում պատանիները ԱԺ նախագահին ուղղել են իրենց և իրենց ընկերներին հետաքրքրող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին կրթությանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց խնդիրներին: Աշակերտներից Արմեն Միրաքյանը հետաքրքրվել է, թե ինչու խորհրդարանում պայմաններ չկան սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժման համար, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահը պարզաբանել է, որ ոչ միայն ԱԺ-ում, այլև պետական բոլոր մարմիններում, այլ հաստատություններում պետք է լինեին այնպիսի պայմաններ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանար հեշտությամբ տեղաշարժվել: Նա նկատել է, որ թեև օրենքում ամրագրված է այդ պայմանների ապահովման պարտադիր լինելը, սակայն դրա իրականացման համար բավական մեծ ֆինանսական միջոցներ և ժամանակ է պետք: Այս խնդիրն առկա է նաև խորհրդային ժամանակներում կառուցված դպրոցների համար. այսօր, սակայն, կառուցվող կրթական հաստատություններում կան անհրաժեշտ այդ պայմանները:
Պատանիներից Արթուր Ասլիկյանին հետաքրքրել է, թե հնարավոր է, որ առաջիկայում փոփոխություններ լինեն կրթության ոլորտում, ինչպես եղավ վերջին տարիներին, երբ տարանջատվեցին հիմնական և ավագ դպրոցները: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ներկայում իրականացվում են կրթական մոդելը կատարելագործելու և միջազգային կրթական համակարգին համահունչ դարձնելու քայլեր:
Հարցերի մի մեծ խումբ էլ վերաբերում էր դպրոցներում լաբորատորիաների, մարզադահլիճների բացակայությանը, կրթական հաստատությունների վերանորոգման խնդրին, երեխաների իրավունքների իրազեկմանը:
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին