Ուշադրություն. Այսօրվանից հեռուստաեթերը մոնիթորինգի տակ է
Երևանի մամուլի ակումբն (ԵՄԱ) այսօրվանից սկսել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մոնիթորինգ իրականացնել: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր սկսել են մոնիտորինգը և նույնիսկ եթերից տեսագրություն են կատարել:
Նավասարդյանի փոխանցմամբ, մոնիտորինգի կենթարկվեն հանրային երեք լրատվամիջոցներ` Հանրային ռադիոն, Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությունները և մյուս 6 մասնավոր հեռուստաընկերութունները` Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր Մեդիա»-ն, ինչպես նաև «Արմնյուզ»-ը:
«Ավանդաբար մենք դիտարկելու ենք, թե որքանով են ուշադիր հեռուստաընկերությունները ընտրական գործընթացների նկատմամբ, ինչքանով են ուշադիր կատարում օրենսդրության պահանջները, ինչքանով են հավասար հնարավորություններ տրամադրում բոլոր քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են ընտրական պրոցեսներին», -մեզ հետ զրույցում ներկայացրեց ԵՄԱ տնօրենը:
Նրա խոսքով, մոնիթորինգի շրջանակներում մասնագետները դիտարկելու են մինչև պաշտոնական քարոզչությունն ընկած ժամանակահատվածը և արդեն բուն նախընտրական քարոզչությունը: Ընդհանուր առմամբ այն մարտի 1-ից շարունակվելու է մինչև մայիսի 4-ը:
«Կարող է դիտարկենք նաև մայիսի 5-ը, որը մեզանում ընդունված է որպես լռության օր` տեսնելու, թե որքանով են պահպանվում լռության օրվա կանոնները», -հավելեց Բորիս Նավասարդյանը:
Նշենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած ժամանակացույցի, մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 8-ից և ավարտվում մայիսի 4-ին, ժամը 24:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա