Անի Քոչար. Իմ ամուսնու մասին, պարզապես կլռեմ, իմացողը գիտի, թե ինչ պաշտոններ ունի, չնայած տեղաշարժվում է անվասայլակով
«Ես Yes!» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր, մանեքենուհի, «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ անդամ, «Ինտեգրում» հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ Անի Քոչարն իր բողոքն ու դժգոհությունն է հայտնում սերիալներից մեկում հաշմանդամ մարդկանց մասին «անհեթեթություններ» արտահայտելու, «վիրավորելու» վերաբերյալ: Նշենք, որ Քոչարի ամուսինը, չնայած հաշմանդամություն ունենալուն, ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում:
Անի Քոչարի` Panorama.am-ի խմբագրությանն ուղարկած «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԿՈՒՅՐ ԱՉՈՔ, ՔԱՆ ՄՏՈՔ…» հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«-Ես հո հաշմանդամ չեմ, որ չկարողանամ աշխատել, ընտանիքս պահել…
Նման բարբաջանքներ էին հնչում «Դժվար ապրուստ» սերիալում Միհրան Ծառուկյանի դերակատար Գոռի շուրթերից: Առավել անհեթեթ բան դժվար է լսել. և սա ասվում է եթերով, այն էլ ամենադիտվող հեռուստաալիքով, այն էլ փրայմ թայմին:
Խտրականության դրսևորումը դեռ մի կողմ, բա հրապարակային վիրավորանքը, որ հնչեց մեր երկրում ապրող հազարավոր հաշմանդամ մարդկանց հասցեին: Ինչ է, եթե մարդ հաշմանդամություն ունի, նշանակում է` չի կարող աշխատել ու իր ընտանիքը պահել: Սա անտեղյակության արդյունք է, կասեն ոմանք, սակայն իրազեկ չլինելը դեռևս իրավունք չի տալիս նման հիմարություններ դուրս տալու:
Առանց այն էլ մեր հասարակությունն այնքան նախապաշարումներ ունի այդ մարդկանց նկատմամբ և այնքան կարծրատիպեր կան, և փոխարենը այդ ստերեոտիպերը փոխելու, եթերով քարոզելու, որ նրանք էլ լիարժեք մարդիկ են և կարող են ոչ պակաս դրսևորվել, հաճախ արտահայտություններ են թույլ տալիս, որ էլ ավելի են ամրապնդում սխալ պատկերացումները հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին:
Մայրս դիտում է այդ անիմաստ սերիալը, և ամեն օր ինձ նույն ժամին հոգեխանգարմունքի մեջ գցում, բայց էլ ավելի մեծ էր զայրույթս, երբ Միհրանի շուրթերից լսեցի այդ նախադասությունը: Վերջինս դրա լրջության գիտակցումն էլ հավանաբար չունի, և պատկերացնել անգամ չի կարող, թե որքան մարդկանց այդ մի նախադասությամբ հրապարակավ վիրավորեցին, ստորացրեցին իրենց շրջապատի մոտ, իրենց ընտանիքի անդամների ներկայությամբ, իրենց զավակների աչքերում…
Ով, ով, բայց ես առավել քան լավ հասկանում եմ, որ դերասանն այստեղ կապ չունի, սցենարով ինչ տրված է, այն էլ ասում է, բայց եթե դերասանն էլ քիչ թե շատ բարեկիրթ և խելամիտ մարդ լիներ, դժվար թե ասեր այդ ամենը, այլ սցենարիստին կամ ով որ գրել էր այդ հանճարեղ խոսքերը կառաջարկեր վերանայել, քանի որ մեր երկրում ապրում և գործում են հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ, ովքեր և աշխատում են, և ընտանիք են պահում և դեռ ավելին:
Ասածներս հիմնավորելու համար հաջորդիվ կզետեղեմ մի նյութ, որից ինքներդ կհամոզվեք ասածիս ճշմարտացիության մեջ:
Իսկ իմ ամուսնու մասին, պարզապես կլռեմ, իմացողը գիտի, թե նա ինչով է զբաղվում և ինչ պատասխանատու պաշտոններ ունի, չնայած որ տեղաշարժվում է անվասայլակով:
Որպեսզի տուրք չտամ զայրույթիս և այդ «սերիալային զանգվածի» մասին չասեմ այն ամենն, ինչ մտածում եմ դրանց նմանների մասին, ավելի լավ է եզրափակեմ հետևյալով
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԿՈՒՅՐ ԱՉՈՔ, ՔԱՆ ՄՏՈՔ…
Հ.Գ. Պարզապես մեկ պարզ ճշմարտություն, որևէ մեկն ապահովագրված չէ հաշմանդամությունից, և խոսելուց առաջ մի պահ մտածեք, բավ է պարապուրդի մատնեք ուղեղներդ…»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում