Իլյումժինով. «Տարօրինակ կլիներ, եթե զրկվեինք Լևոն Արոնյանից»
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը «Chesspro»-ին տված հարցազրույցում, որում հիմնականում անդրադարձել է Էնդրյու Պոլսոնին և նրա ղեկավարած «Ագոն» ընկերությանը, որին տրվել է աշխարհի առաջնությունների անցկացման իրավունքը, խոսել է նաև Ադրբեջանի ու Բուլղարիայի` հավակնորդների մրցաշարն անցկացնելու հայտերի, ինչպես նաև Լևոն Արոնյանի` Բաքու մեկնելուց հրաժարվելու մասին:
«Շատ բարդ իրավիճակ էր ստեղծվել,- նշել է Իլյումժինովը:- Այո, մենք երկու պաշտոնական հայտ ունեինք` Բուլղարիայից և Ադրբեջանից: Բաքվի տարբերակը շատ ավելի ծանրակշիռ էր: Բայց, ինչպես բոլորը գիտեն, եթե հավակնորդների մրցաշարն անցկացվեր Ադրբեջանում, մենք կզրկվեինք Արոնյանից: Նա բաց նամակ էր հղել ինձ: Փորձելով փոխզիջման հասնել` ես շփվեցի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ: Տարօրինակ կլիներ, եթե աշխարհի առաջնությունը զրկվեր աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկից: Մյուս կողմից` Բաքվի հայտը միայն առավելություններ ուներ: Ուստի երբ հայտնվեց Պոլսոնը` իր փոխզիջումային տարբերակով, միտք ծագեց «միավորել» Ադրբեջանի հայտը` որպես լավագույնը երկուսից: Դրանով միաժամանակ կլուծվեր նաև «Արոնյանի խնդիրը»: Միայն բուլղարացիները դժգոհ մնացին: Բայց նրանք պետք է ընդամենը ավելին առաջարկեին…
Սկզբունքորեն կարելի՞ է ասել, որ հավակնորդների մրցաշարը կանցկացվի Լոնդոնում, Ադրբեջանի գումարներով և Ռաջաբովի մասնակցությամբ: Այո, դա գրեթե պաշտոնական տեսակետ է: Չպետք է մոռանալ, որ Լոնդոնում այս տարի կանցկացվեն նաև ամառային Օլիմպիական խաղերը: Այդ ալիքի վրա մենք պատրաստվում ենք շախմատի լուրջ շնորհանդես իրականացնել: Ես հանդիպելու եմ ՄՕԿ-ի անդամների և միջազգային տարբեր ֆեդերացիաների ղեկավարների հետ: Դա արդեն ոչ միայն հավակնորդների մրցաշար կլինի, այլ նաև իմիջային միջոցառում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում