‘’Свободный волк свободной стаи’’. Մարզպետի եղբայրը ցանկանում է պատգամավոր դառնալ
Հարցազրույց ՀՀԿ անդամ, «Հայդուկ» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրի Սահակյանի հետ:
-Պարոն Սահակյան, խոսակցություններն այն մասին, որ Արագածոտնից առաջիկա ընտրություններին հենց Դուք եք առաջադրվելու չեն մարում: Ի՞նչ նորություն կա այս իմաստով, կուսակցական որոշումը կայացվե՞լ է:
-Ոչ, դեռ նման որոշում չկա:
-Բայց Դուք ցանկություն ունե՞ք:
-Խի չէ՞: Իհարկե պատրաստ եմ:
-Բայց եթե որոշումն հօգուտ Ձեզ այդպես էլ չկայացվի, Դուք այդուհանդերձ կառաջադրվեք:
-Ոչ, տենց բան չի կարող լինել: Եղբայրս Արագածոտնի մարզպետն է, ո՞նց կարող եմ նրան «ուդառի» տակ դնել իմ որոշումներով.. իմ մեծ եղբորս: Հետո մեր ընտանիքում ավանդույթն էնպիսին է, որ մեծ, փոքր հասկացությունը կա: Բայց եթե ասեն դիր` կդնեմ: Եթե իմ հետ 20 հազար հոգի ոտքով է Աշտարակից գալիս Երևան (խոսքը ապրիլի 24-ի մասին է), ի՞նչ կարծիքի եք, որ թեկնածությունս դնեմ գոնե նրանց մի մասը ձայնն ինձ չի՞ տա: Կտա:
Հետո քսան տարի է լիքը լավն ենք արել մարզում` ծնողազուրկ երեխաների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, բազմազավակների համար…լիքը լավ բան ենք արել մի խոսքով:
-Իսկ որ գնաք Ազգային Ժողով ի՞նչ եք անելու:
-Կշարունակեմ նույն գործը, ուղղակի կունենամ մեծ իրավասություններ:
-Ի վերջո հաշտվե՞լ եք մարզից պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ (Ն.Սահակյանի եղբոր` Սարգիս Սահակյանի մարզպետ նշանակվելու օրոք խնջույքը Աշտարակի ձորում ավարտվել էր կրակոցներով` Խ.Մանուկյանն ու Սահակյան եղբայրները ընդհարվել էին):
-Ոչ-ոչ, չենք շփվում, ի՞նչ ունենք միմյանց հետ շփվելու: Ինքն իր գործն ունի, մենք մեր.. տենց բան չի եղել հաշտվենք կամ չհաշտվենք. Ինքը գնացել է իր ճամփով, մենք էլ մնացել ենք մարզում:
-ԲՀԿ-ի մեծամասնական թեկնածուն մարզից Արագած Ախոյանն է լինելու, կան այլ թեկնածունե՞ր…
-Խոսում են, այո, լսել եմ.. հետաքրքիրն այն է, որ ով քնից հելնում է, ուզում է պատգամավոր դառնա, բայց դե հո տենց չի՞:
-Թալինի ճանապարհին Ձեզ պատկանող «Նարեկ» հյուրանոցային համալիրը չի գործում, ո՞րն է պատճառը: Պատրատվում եք պատգամավոր դռանալ և գործարարությունը մի կողմ եք թողել, թե՞…
-Ոչ, այլ պատճառ է, ներկա դրությամբ ուղղակի չեմ ուզում աշխատացնել, բայց դա պատգամավորության հետ ընդհանրապես կապ չունի:
-Իսկ եթե պատգամավոր դառնաք ինչպե՞ս եք համատեղելու գործարարության հետ: Տեղյա՞կ եք, որ դա օրենքի խախտում է:
-Ես տենց առանձնակի բիզնես չունեմ, որ մտածեմ փակեմ կամ բացեմ… Свободный волк свободной стаи, հասկանո՞ւմ եք: Իմ նպատակն է ժողովրդի հետ լինել, նրա մատից փուշ հանել: Ու հետո` ես ու թիմը, «Հայդուկի» 30 հազար անդամները, կանգնած ենք երկրի նախագահ Սարգսյանի կողքին:
-Պարոն Սահակյան, հաշվի առնելով, որ Ձեր եղբայրը մարզպետ է, թերևս որոշումը հօգուտ Ձեզ կկայացվի, ի՞նչ եք կարծում:
-Չէ, դե ո՞նց կլինի, մի տնից երկու հոգի… մարզպետն այդ տնից լինի, պատգամավոր լինի: Հետո դա տենց կյանքի խնդիր չի, չգիտեմ… Կտեսնենք դեռ ոնց կլինի: