Գինին այս տարի կթանկանա. Ա. Հարությունյան
Այս տարվա ընթացքում գինին Հայաստանում թանկանալու է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Վկայակոչելով միության կողմից շուկայի վերլուծության արդյունքները, նա նշեց, որ այս տարի ընդունվող մեկ կգ խաղողի արժեքը 130 դրամից կհասնի 200 դրամի: Ի դեպ, նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս տարի 15-20 հազար տոննայով կավելանա խաղողի բերքը:
«Բնականաբար, գինու ինքնարժեքը կբարձրանա: Շուկան պահանջարկ ունի որակյալ գինու և ինքաբերաբար դա բերում է գինու գնի բարձրացմանը»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու հայկական գինին մրցունակ չէ այլ շուկաներում, Հարությունյանը դժգոհեց, որ մթերված խաղողի 95 տոկոսն օգտագործվում է կոնյակի արտադրության նպատակով, իսկ գինեգործներին շատ քիչ խաղող է մնում: